Գլխավոր Հասարակություն ՀՀ նախագահն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

ՀՀ նախագահն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը: Այս մասին ՀՀ աշխատակազմը հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում ասվում է.

«2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:

Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ եւ հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների եւ անկախ փորձագետների հետ:

Իրավաբանների եւ փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերեւույթ հակասում է Սահմանադրությանը:

Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որեւէ քաղաքական ուժի եւ որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական եւ համազգային շահերով:

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

Ակնհայտ է նաեւ, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբեւէ բոլորիս աջակցության եւ ուշադրության կարիքն ունի: Բանակի եւ անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է եւ չի կարող որեւէ պարագայում անտեսվել:

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային եւ համապարփակ լուծումներ եւ չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:

Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի եւ անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:

Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:

Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը եւ զինված ուժերի բնականոն գործունեությունը»:

Մեկնաբանել