![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ՝
- 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա.
- Արցախի Հանրապետությունը 1992-1994 թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան՝ ուղեկցված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով.
- Արցախի Հանրապետությունը, որպես հակամարտության կողմ, տարբեր ձեւաչափերով մասնակցել է 1992-2020 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ տարածաշրջանային կայունության ապահովման եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով.
- Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահ պետությունների առջեւ ստանձնած ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ՝ ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ Պաշտպանության բանակի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մշակութային ժառանգությունը:
![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
- Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից.
- Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում։