Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Նորամարգ գյուղի դպրոցում բացվել է զոհված զինծառայող Գեւորգ Մարգարյանի փառքի անկյունը

Նորամարգ գյուղի դպրոցում բացվել է զոհված զինծառայող Գեւորգ Մարգարյանի փառքի անկյունը

0

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված  զինծառայող Գեւորգ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ փետրվարի 27-ին Նորամարգ գյուղի դպրոցում բացվել է փառքի անկյունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, միջոցառմանը ներկա են եղել դպրոցի աշակերտները, աշխատակազմը, Գեւորգի հարազատներն ու ընկերները եւ ամենակարեւոր հյուրը` նրա 2-ամսական որդի Տիգրանը:

«Փետրվարի 27-ին նա դարձավ 19 տարեկան: Ինչո՞ւ ներկա ժամանակով, որովհետեւ անհնար է Գեւորգի մասին խոսել անցյալով: Ընկերների շրջանում նա մեծ հարգանք էր վայելում: Երաժիշտ էր։ Ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվել»,- պատմում է Գեւորգի մորեղբոր աղջիկը՝ Սուսաննա Մարգարյանը:

Պատմելով Գեւորգի մասին`դասղեկ Սիլվա Հակոբյանը նշեց, որ նա բարի, հոգատար, հասուն եւ ըմբռնող տղա էր: Գեւորգը դուդուկ էր նվագում, մասնակցում բոլոր առիթներին եւ միշտ խոնարհ էր.

«Իմ Գեւորգի վառվռուն աչքերը աշակերտական սեղանից տեսնելիս երբեք չէի պատկերացնի, որ իր մասին պիտի խոսեմ այսպես: Երբ լսեցի նրա մահվան լուրը, սրտիցս մի կտոր պոկվեց, եւ ծանր վերք մնաց առհավետ: Ես իրենցից յուրաքանչյուրին յուրահատուկ ձեւով էի սիրում՝ իրենց խենթություններով հանդերձ:

Գեւորգը մեր բոլոր միջոցառումների զարդն էր իր մեղմահնչյուն դուդուկով: Երբեք չէր չարանում, միշտ չափավոր էր եւ ժպիտը դեմքին: Իմ ցանկացած խնդրանք անկատար չէր թողնում, իրեն հատուկ եռանդով պատրաստ էր լինել բոլորի կողքին: Անչափ ընկերասեր էր, նրան շատ էին սիրում բոլորը, ինքն էլ՝ բոլորին: Աննկարագրելի ծանր է գիտակցել, որ այլեւս չկաս, իմ պայծա՛ռ տղա: Թող Աստված լույսերի մեջ պահի հոգիդ, հերո՛ս»:

Գեւորգ Մարգարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին Հադրութում:

 

Մեկնաբանել