
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են այնպիսի իրավիճակում, երբ առկա են ղարաբաղյան 2-րդ պատերազմի ծանր հետեւանքները, հազարավոր զոհերի փաստը, անհետ կորածների հարցը, բազմաթիվ գերիների հանգամանքը, բռնության քարոզը, զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու գործընթացը: Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ամենը երկիրն ու ժողովրդին նոր մարտահրավերներ է բերել:
յդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ: Այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր ժողովրդի ապագան: Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները: Մեր անկախության 31 տարում թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին երկու տարի 10 ամսում նույնպես թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է:

Ես ուզում եմ բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել թույլ տված սխալների համար: Շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Այդպիսի դեպքեր կարելի է թվարկել, բայց ավելի կարեւոր է, թե ինչու է մեր կառավարության թիմը սխալվել: Որքան էլ տարօրինակ թվա, բայց մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտել ենք ժողովրդի ու Հայրենիքի նկատմամբ ամեն ինչ անել ճշգրիտ ու կատարյալ: Ու կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով, երբեմն, իրադրության բերումով, անխուսափելի է եղել վատի ու վատթարագույնի միջեւ ընտրությունը, թեպետ, հրաժարվել են կատարել դա՝ մտածելով, որ ժողովուրդն իրենց իշխանության չի բերել, որ նման ընտրության առաջ կանգնի:
« Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձեւավորենք լավի ու լավագույնի միջեւ: Մինչ ջանքեր ենք գործադրել այդ ուղղությամբ, պարզվել է, որ վատի ու վատագույնի ներկայությունն այնքան արմատացած է, որ ընտրությունն անբեկանելի է ու անշրջելի: Եվ լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը: Եվ այնուամենայնիվ, սխալներ դժբախտաբար գործել է ոչ միայն մեր իշխանությունը: Որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար, երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների սխալների համար ներողություն եմ խնդրում, բայց սա չեմ ուզում հնչի որպես ափսոսանք, այլ հնչի որպես նշան մեր հաստատակամության, որ մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, չենք հանձնվի, երբեք չենք հանձնվի հանուն ազատ, երջանիկ, Հայաստանի մղվող պայքարում: Կունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ կանենք սխալներից ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր երկիր ունենալու մեր ջանքերը, այլեւ առավելը կանենք այդ ջանքերն արդյունավետ դարձնելու համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: