Գլխավոր Без рубрики Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել

Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել

0

2019թ.-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020թ.-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գեւորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հիմնավորված է համարել, որ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի նակին ղեկավարի դրդմամբ եւ երկու անձի օժանդակությամբ, վատնման միջոցով ՀՀ պետական բյուջեի՝ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից 2011թ.-ի փետրվարից 2016թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափերի՝ 2,515,490 ՀՀ դրամ գումար, իսկ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ կեղծ փաստաթուղթ կազմելու միջոցով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Դատավճռով Գ. Գեւորգյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` ընդհանուր 700.000 ՀՀ դրամի չափով, կիրառվել է համաներում, եւ նա ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով դատապարտվել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի վարորդ Ա. Բարսեղյանը:

Դատավճռի դեմ ՀՀ դատախազությունը բերել է բողոք՝ կապված Գ. Գեւորգյանի նկատմամբ հիմնական պատժի՝ տուգանքի հետ միաժամանակ լրացուցիչ պատիժ, այն է՝ որոշակի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, չկիրառելու հետ:

Դատախազության իրավական դիրքորոշումը վերոնշյալի կապակցությամբ այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունից եւ պատիժ նշանակելու սկզբունքներից բխում է, որ այն դեպքերում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով որպես հիմնական պատիժ նախատեսված է տուգանք եւ ազատազրկում, իսկ որպես պարտադիր լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, այդ լրացուցիչ պատժատեսակը վերաբերելի է ինչպես տուգանքին, այնպես էլ ազատազրկմանը: Ելնելով դրանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի հետ միասին պարտադիր պետք է կիրառվի նաեւ լրացուցիչ պատիժը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը:

ՀՀ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մերժել էր դատախազության բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանն իր այս որոշումը հիմնավորել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի սանկցիայի ձեւակերպմամբ՝ «…պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Հետեւաբար, ըստ Վերաքննիչ դատարանի՝ նման լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ հիմնական պատիժ է նշանակվում ազատազրկումը:

Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը վճռաբեկ բողոք է բերել, որն ընդունվել է վարույթ եւ քննության առվել: Արդյունքում, ըստ էության, համաձայնվելով ՀՀ դատախազության իրավական դիրքորոշումների հետ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային եւ կոռուպցիայիոն հանցագործությունների դեմ պայքարի տեսանկյունից կարեւոր որոշում:

Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի նշանակման կարգի առումով առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Հետեւաբար բոլոր դեպքերում անհրաժեշտ է առաջնորդվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով՝ օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն, եւ պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ եթե հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի զբաղեցրած պաշտոնի կամ նրա կողմից իրականացվող մասնագիտական կամ այլ գործունեության հետ, ապա վերոնշյալ լրացուցիչ պատժատեսակի նշանակմամբ էականորեն նվազում է հետագայում վերջինիս կողմից նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը։ Այսինքն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ունի կանխարգելիչ նշանակություն: Իսկ այդ լրացուցիչ պատժատեսակի իրավական կարգավորումներից ակնհայտ է, որ այն կարող է նշանակվել ինչպես ազատությունից զրկելու հետ կապված, այնպես էլ զրկելու հետ չկապված պատիժների հետ զուգակցված։

Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, լրացուցիչ պատժի մասով բեկանել է ամբաստանյալ Գ. Գեւորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ հաշվի առնելով իր կողմից արտահայտված վերոնշյալ նախադեպային իրավական մեկնաբանությունները:

Մեկնաբանել