Շուրջ 1 տարի է, ինչ Լոռու չքնաղ անկյուններից մեկում՝ Սանահինում, արտադրվում է բոլորի կողմից արդեն իսկ սիրված «Մոսինյաններ» անունը կրող սուրճի ու թեյի տեսականին: Գործունեության կարճ ժամանակահատվածում արտադրվող սուրճն ու թեյը հասցրել են սիրվել շատերի կողմից: Իսկ ինչու հենց Մոսինյաններ:
Հայաստանում ու ՀՀ սահմաններից դուրս Մոսինյան ազգանունը շատերին է ծանոթ:
Սարիբեկ Մոսինյանը ՀՀ դյուցազնագրքի 11-անգամյա ռեկորդակիր է, Հայաստանի 25-ամյա անկախությունից ի վեր առաջին հայ մանկահասակ համաշխարհային ռեկորդակիրը:
Արտադրության ղեկավար Արեն Մոսինյանը, ով նաեւ Սարիբեկ Մոսինյանի հայրն է, marzer.am-ի հետ զրույցում ասաց՝ նպատակն ի սկզբանե եղել է ոչ միայն բիզնես գործունեություն ծավալելը, այլ նաեւ հայրենի Սանահին գյուղը ճանաչելի դարձնելն ու այնտեղ զբոսաշրջությանը խթանելը:
Սուրճի տուփերը ծրարի տեսք ունեն, վրան պատկերված է Սանահինի վանական համալիրը:Բացի համեղ լինելուց, գեղեցիկ փաթեթավորված սուրճն ու թեյը կարող են նաեւ յուրօրինակ նվեր լինել. «Մեր նպատակը ի սկզբանե նա էր, որ մեր ապրանքանիշի վրա պետք է պատկերված լինի Սանահինի վանական համալիրը, որ մարդիկ ըմպեն մեր համեղ սուրճն ու պլանավորեն այցելել Սանահին:
Ես չէի ցանկանում միայն բիզնեսի մասով մտածել, այլ պետք էր նաեւ զբոսաշրջությունը զարգացնել Սանահինում: Մեր ապրանքանիշի ամեն մի դետալ իր խորհուրդն ունի՝ սկսած ծրարի տեսքով տուփերից ու վերջացրած պատկերից»:
Մոսինյանները ներկայումս փաթեթավորում եւ իրացնում են 2 տեսակի սուրճ՝ թնդեցված ու ավելի թեթեւ, 3 տեսակի բարձրորակ թեյեր՝ հնդկական լայնատերեւ, Ասսամ, իմբիրի եւ լիմոնի քերուկներով կանաչ թեյ: Այս ամենով սակայն, ցանկը չի սահմանափակվում: Առաջարկվում է նաեւ իր տեսակի մեջ եզակի, էկոլոգիապես մաքուր ու առողջարար կաղինի սուրճ, որը չի պարունակում կոֆեին, հարուստ է օգտակար ու առողջարար բազմաթիվ վիտամիններով. «Մենք ինքներս անտառից հավաքել ենք մաքուր կաղինը, ուսումնասիրել պատրաստման եղանակն ու սկսել կաղինի սուրճի արտադրանքը»: Առաջիկայում Մոսինյանները պատրաստվում են շուկա հանել նաեւ հայկական լեռնաշխարհի օգտակար դեղաբույսերն ու խոտաբույսերը:
Նպատակներից մեկն է նաև սառը սուրճի ու թեյի արտադրություն սկսելը: Ընտանեկան փոքր բիզնեսը, որի նպատակներից մեկը համայնքում զբոսաշրջության զարգացումն էր, կարելի է ստացված համարել:
Սորճն ու թեյը ներկայումս իրացվում են Լոռու մարզի բոլոր խանութներում, Տավուշի մարզի մի քանի վաճառակետերում: Առաջիկայում անուշաբույր սուրճն ու թեյը կարող են վայելել նաեւ Շիրակի մարզում ապրող մեր հայրենակիցները:
Արեն Մոսինյանն ասում է՝ ծրագրեր շատ կան, պետական աջակցություն ունենալու դեպքում՝ աշխատատեղերի լուրջ խնդիր ունեցող Սանահինում նոր աշխատատեղեր կստեղծվեն, կնպաստեն նաեւ լոռվա սարերից ու անտառներից սեզոնին հավաքվող բերք ու բարիքի մթերմանը: Կշահի գյուղացին, կշահի հայրենական արտադրանքը: Առաջարկվող անուշահամ ու առողջարար տեսականին ցուցադրված է նաեւ «Ազգային մոլ»-ում, համագործակցում են նաեւ «Ազգային սուպերմարկետ»-ի հետ:
Հարցերի եւ առաջարկների դեպքում կարող եք կապ հաստատել Անմիջապես Արեն Մոսինյանի հետ՝ 099 22 89 00 հեռախոսահամարով: