Փետրվարի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով 63-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը Գետափ գյուղից է: Նա անգիտակից վիճակում էր. ըստ բժիշկների՝ գանգուղեղային վնասվածք էր ստացել: Իսկ թե որտե՞ղ եւ ի՞նչ հանգամանքներում էր վնասվել, դեռ հարկավոր էր պարզել:
Իրավապահները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկում, երբ փետրվարի 24-ին նույն դեպքի վերաբերյալ երկրորդ ահազանգը ստացվեց. Եղեգնաձորի հիվանդանոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 63-ամյա տղամարդը մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Եղեգնաձորի ոստիկանները, քրեական ոստիկանության գլխավոր ու Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների, ինչպես եւ տարածքային նախաքննական մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, պարզեցին ոչ միայն դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ, այլեւ կասկածյալի ինքնությունը:
Ձեռք բերված ապացույցներով պարզվեց, որ փետրվարի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գետափ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին ծանր մարմնական վնասվածք էր պատճառել Եղեգնաձոր քաղաքի 44-ամյա մի բնակիչ: Փետրվարի 24-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին եւ ձերբակալվեց, իսկ փետրվարի 26-ին կալանավորվեց:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: