«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի սահմանամերձ մարզերում բնակարանների գները նվազել են: Սա, ըստ ամենայնի, պատերազմի թողած հետեւանքն է. մարզային քաղաքներում բնակարանների պահանջարկը նվազել է, մարդիկ անհանգստացած են եւ չեն շտապում սահմանամերձ քաղաքներում բնակարաններ գնել:
Արձանագրենք, որ վերջերս սահմանամերձ դարձած Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում էլ բնակարանների գները նվազել են: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. այստեղ եւս բնակարանների գների անկում է արձանագրվել: Օրինակ՝ Գորիսում անցյալ տարվա նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 141 հազար դրամով, իսկ դեկտեմբերին՝ 140 հազար դրամով, Կապանում գինն իջել է 3100 դրամով: Մեղրիում մեկ ամսվա ընթացքում բնակարանն էժանացել է 1600 դրամով:
Քաջարանում բնակարանի գինը նվազել է 1500 դրամով. այստեղ մեկ քմ-ն նոյեմբերին կազմել է 98 հազար դրամ, դեկտեմբերին՝ 96 հազար 500 դրամ: Հայաստանի մյուս սահմանամերձ Տավուշում բնակարանների գները եւս նվազել են. Դիլիջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը նվազել է 1800 դրամով, Իջեւանում` 1500 դրամով, իսկ Նոյեմբերյանում բնակարանի գինը նվազել է 500 դրամով:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։