Գլխավոր Հասարակություն Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը

Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը

0

Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը։ Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն` ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի եւ վարի գործուղվող մասնագետների շտեմարան:

Այն կստեղծվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emis.am)՝ որպես առանձին ենթաբաժին, որտեղ կենտրոնացված կլինեն բոլոր մարզերից հավաքագրված  տվյալները` գործուղման պահանջարկի եւ գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետների վերաբերյալ:

Նոր միասնական տեղեկատվական հարթակում ուսուցիչների չհամալրվող պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է մուտքագրեն մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումները: Սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքներ գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետները հարթակի միջոցով կկարողանան էլեկտրոնային հայտ ներկայացնել եւ այդպիսով գրանցվել գործուղվող մասնագետների շտեմարանում:

ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մասնագետները նոր տեղեկատվական հարթակի ստեղծման աշխատանքներն առաջիկայում կավարտեն, ինչից հետո այն կլինի հրապարակային:

Գործուղվող մասնագետների էլեկտրոնային շտեմարանի գործարկման ընդհանուր մոդելն ու աշխատանքի սկզբունքները ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուները:

«Նոր կարգում բարելավումներ ենք նախատեսել սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների դպրոցներ գործուղվող ուսուցիչների համար` նրանց առաջարկելով աշխատավարձի հավելում եւ կոմունալ-կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված փոխհատուցումներ` հաշվի առնելով իրական շուկայական գները: Գործուղման քաղաքականության հիմքում դրված է մասնագետների շտեմարանի վարումը, որը թույլ կտա օպերատիվորեն լրացնել առաջացած թափուր տեղերը սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների դպրոցներում: Մենք նաեւ հույս ունենք, որ մասնագետների շտեմարանը կծառայի ընդհանրապես հանրակրթական դպրոցներում մասնագետների պահանջարկի բացի համալրմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ մանկավարժական կադրերի պահանջարկը ձեւավորվում է միայն այն դեպքում, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է մշակվող հարթակի գործարկման մոդելը` նշելով, որ մարզպետարանների մասնագետների համար կկազմակերպվի նաեւ մասնագիտական դասընթաց: Նրանք շտեմարանում  կմուտքագրեն տվյալներ` գործուղվող մասնագետների ամբողջական պահանջարկի վերաբերյալ, որը հասանելի կլինի Emiss.am համակարգի համապատասխան ենթաբաժնում: Այսինքն` ցանկացած անձ, մուտք գործելով նշված հարթակ, կտեսնի, թե հեռավոր եւ բարձրլեռնային համայնքների դպրոցներում որ մասնագիտությամբ ուսուցչի թափուր հաստիքներ կան` քանի ժամ ծանրաբեռնվածությամբ, որքան աշխատավարձով, նաեւ կոմունալ ծախսերի եւ բնակվարձի փոխհատուցման համապատասխան չափերով: Ըստ այդմ` սահմանված չափանիշներին համապատասխանող մասնագետը կկարողանա էլեկտրոնային հայտ ներկայացնել` առաջարկվող թափուր տեղերից նշելով նախընտրելի դպրոցն ու հաստիքը:

Համաձայն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի` գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով, ինչպես նաեւ տեղափոխման տրանսպորտային ծախս նրա եւ  ընտանիքի անդամների համար: Գործուղված մասնագետը կստանա նաեւ.

  • գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչեւ 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ),
  • տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչեւ 4 անգամ),
  • բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական000 դրամ),
  • կոմունալ ծախսերի համար՝ ամսական200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000),
  • վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Տարվա մեջ առնվազն 4 անգամ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն` մասնագետների գործուղման վերաբերյալ։ Մասնագետների ընտրությունը կկատարվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am) ձեւավորված շտեմարանից: Գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։

ԿԳՄՍՆ-ն հավելում է, որ նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ, պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչեւ 2020-2021 թ. ուսումնական տարվա ավարտը։

Մեկնաբանել