Օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե եւ հարցաքննվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին եւ 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերեւույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով
Նախաքննությունը շարունակվում է:
Վազգեն Մանուկյանը, նախքան հարցաքննությունը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի ընդունում մեղադրանքը, որն առաջադրվել է: Հարցին՝ չի՞ համարում իր հայտարարությունները Սահմանադրության խախտում, Մանուկյանը նշեց, որ՝ ոչ եւ հավելեց, որ իր ասածների համար չի փոշմանել: