Գլխավոր Հասարակություն Տաքսիստ կամ անասնապահ լինելը այդ երբվանի՞ց դարձավ անպատվաբեր աշխատանք

Տաքսիստ կամ անասնապահ լինելը այդ երբվանի՞ց դարձավ անպատվաբեր աշխատանք

0

Վերջերս հաճախ են սկսել քննարկել այս կամ այն պաշտոնյայի՝ կյանքի որեւէ փուլում որեւէ աշխատանք կատարած լինելու հանգամանքը: Թաղապետերից մեկի մասին լրատվամիջոցներից մեկը գրել էր՝ աշխատել է տաքսիստ, իսկ ահա Թումանյանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Տիգրան Մխիթարյանի մասին էլ որպես փաստ հիշատակել էին նրա՝ անասնապահությամբ զբաղվելը կամ անասնապահ լինելը: Չանդրադառնալով տվյալ անձանց՝ իրենց պաշտոնին կոմպետենտ կամ ոչ կոմպետենտ լինելուն, ավելի պրոֆեսիոնալ կադրեր նշանակել-չնշանակելուն, պարզապես մի դիտարկում:

Արդյոք տաքսիստ կամ անասնապահ լինելը խարան է, արդյոք կա մեկը, որ կյանքի ինչ-որ փուլում  չի ունեցել ֆինանսական դժվարություն, հացի ու ընտանիք պահելու խնդիր: Արդյոք անասնապահությամբ զբաղվելը, անասնապահությամբ ընտանիքի կարիքները հոգալը ավելի անպատվաբեր աշխատանք է, քան ասենք գողություն անելը, մարմնավաճառությունն ու անբարոյականությունը: Մի քիչ շուտ զարգացանք…

Արդյոք ավելի լավ չէ լինել անասնապահ, օր ու գիշեր չարչարվել, բայց տուն մտնելուն պես տեսնել կուշտ երեխաներին:

Արդյոք ավելի անպատվաբեր է տաքսիստ լինելը, քան թե աղքատ-հպարտ խաղալը, երբ կեղծ հպարտությունը պարզապես թույլ չի տալիս ոչ տաքսի վարել, ոչ էլ անասուն պահել, մինչդեռ սրան զուգահեռ, փաստորեն, տվյալ անձի համար ավելի պատվաբեր է նայել սովից ու ցրտից կուչ եկած  հարազատ երեխաների աչքերին, ինչ է թե՝ բակի ու քաղաքի «լավ տղերքը» իրեն տաքսիստ կկոչեն: Թող գրողի ծոցը կորչեն էդ  «պանյատներով լավ տղերքը»:

Քրքրելով յուրաքանչյուրիս կյանքի որեւէ փուլ, բնականաբար շատ ավելի «անպատվաբեր» փաստերի կհանդիպենք: Մեզնից ինչ-որ մեկը ինչ-որ պահի խանութում վաճառող է աշխատել, մյուսը՝ շինարարությունում բանվոր, մեկ ուրիշը՝ «գռուշչիկ», էն մյուսն էլ՝ կոյուղագործ: Եւ ինչ՝ փաստորեն ես, որ տարիներ առաջ աշխատել եմ շինարարությունում որպես բանվոր, գործից հետո էլ տաքսիստ, իրավունք չունե՞մ կրթվել, սովորել ու այլ աշխատանքի անցնել, միթե ընտանիք պահելու համար յուրաքանչյուր արժանապատիվ աշխատանք կատարելը սեւ գիծ է լավ ապագա ունենալու համար:

Մի երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, եւ այդ 68 հազար դրամով մարդ պետք է նվազագույնը կարողանա հոգալ ամենաքիչը 2 երեխաների ու կնոջ օրվա հացի խնդիրը, կոմունալ ծախսերը, արդյոք անբարոյականություն է աշխատանքից հետո տաքսիստ կամ պահակ աշխատելը: Դա՞ է ավելի քարկոծվող, թե նստել ու առավոտից երեկո հացի փող մուրալն ու բողոքելը սեփական կյանքից ու երկրից:

Մեզնից յուրաքնչյուրը կցանկանար անհոգ մանկություն ու երջանիկ պատանեկություն ունենար, ապրեր ապահովված ընտանիքում, վայելեր իր երիտասարդությունը, ոչ թե 16 տարեկանից գնար բանվոր, տաքսիստ ու պահակ աշխատեր: Մի մոռացեք, որ ձեզնից շատերն են այս աշխատանքը կատարել, բայց ձեզ ոչ ոք երբեւէ չի ծաղրել զուտ նրա համար, որ դուք այնքան թասիբ եք ունեցել, որ մի կողմ եք դրել սեփական ցանկություններն ու կյանքի հանդեպ ունեցած պատկերացումներն ու գիշեր-ցերեկ աշխատել եք ձեր երեխաների լավ կյանքի համար: Կա մեկը, ով գոնե չի երազել սպիտակ շապիկի ու ղեկավար պաշտոնի մասին: Կարծում եմ՝ չկա:

Մի կարեւոր հանգամանք եւս՝ ամեն անգամ տաքսի նստելուց մի մոռացեք մի պարզ ճշմարտություն, գուցե ձեզ տուն տանող  այդ տաքիստը շատ ավելի կրթված է, գուցե նաեւ լավ պաշտոնի է, քան դուք, պարզապես նա իր աշխատաժամանակից հետո ձեզանից շատերի նման «դիվան քշելու» փոխարեն շարունակում է աշխատել, որ իր երեխան հետ չմնա ոչ մեկի երեխաներից, անկախ այն փաստից, որ իրեն կկոչեն տաքսիստ կամ անասնապահ:

Եւ վերջում՝ յուրաքանչյուր արդար աշխատանք կատարող մարդու պիտակավորելուց առաջ հիշեք ձեզ ու ձեր ծնողների կատարած այն արդար ու դժվար աշխատանքը, որի շնորհիվ այսօր կարողացել եք հասնել կյանքի այս փուլին: Հիշեք ձեր տաքսիստ, վաճառող, շինարարությունում ցեմենտ-ավազից ճաքճքած ձեռքերով ձեր ծնողներին, ձեր եղբայրներին ու ձեզ հասարակ մի հարց տվեք՝ արդյոք նրանք իրավունք չունեն մի կողմ նետել տաքսիստի ու անասնապահի դժվարին աշխատանքն ու անցնել փողկապին, եթե իհարկե՝ կրթական ու մյուս կարեւոր հանգամանքները ապահովված են, ու միակ խանգարող հանգամանքը՝ երբեմնի տաքսիստ լինելն է: Սրան զուգահեռ չպետք է մոռանալ նաեւ այն հանգամանքը, որ անկախ երբեմնի կատարած աշխատանքից, յուրաքանչյուր նոր աշխատանքում ընդունվելիս մարդ պետք է համապատասխանի այդ պաշտոնին, հմտանա ու մասնագիտանա, եթե իհարկե նրան չեն նշանակել այդ պաշտոնին զուտ նրա համար, ինչ է թե կյանքի ինչ-որ փոլում ինչ-որ մեկի հետ կարճ ճանապարհ է անցել, կամ էլ ինչ-որ մեկի քավոր սանիկը դարձել:

Հ.Գ

Այս գրառմամբ բացարձակ ոչ ցանկություն, ոչ նպատակ  կար ամենավերեւում հիշատակված պաշտոնյաներից եւ ոչ մեկին պաշտպանելու:

 

Մեկնաբանել