Գլխավոր Հասարակություն Եկեղեցիներում մոմավառության լուրջ դժվարություններ կարող են առաջանալ․արտադրություն չկա, պաշարները սպառվում են․ «Հայկական...

Եկեղեցիներում մոմավառության լուրջ դժվարություններ կարող են առաջանալ․արտադրություն չկա, պաշարները սպառվում են․ «Հայկական ժամանակ»

0

Մայր Աթոռի կողմից ներկրվող ապրանքների, մասնավորապես՝ մոմի հումքի մաքսազերծման հարցում խնդիրներ են առաջացել։

Այս մասին օրեր առաջ արձանագրել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհուրդը տեղի ունեցած ժողովի ժամանակ:

Մոմի արտադրության համար անհրաժեշտ հումքը մեր երկիր ներկրվում էր Պարսկաստանից եւ Չինաստանից:

«Հայկական ժամանակը» Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանից հետաքրքրվել է, թե մոմի հումքի մաքսազերծման հարցում մասնավորապես ի՞նչ խնդիրներ են առաջացել եւ ինչի՞ հետեւանքով: Ավագ քահանայի փոխանցմամբ՝ մոմը իբրեւ ծիսական պարագա ազատված է ավելացված արժեքի հարկից, սակայն, պարզվում է՝ նույն մոմի արտադրության համար անհրաժեշտ ներկրվող հումքը՝ պարաֆինը, պետք է մաքսազերծվի։

Նախկինում ՀՀ կառավարությանը կից գործող բարեգործական հանձնաժողովի կողմից եկեղեցու՝ այս նպատակով պարաֆինի ներմուծումը ճանաչվում էր բարեգործական, եւ ըստ այդմ էին կազմակերպվում մաքսային ընթացակարգերը։ Սակայն 2018 թվականից առ այսօր ՀՀ կառավարության Բարեգործական խորհրդակցական հանձնաժողովի կողմից ներկրված պարաֆինը բարեգործական չի ճանաչվում, ինչն էլ խնդիրներ է ստեղծում։ «Եթե սկզբնապես՝ մինչեւ խնդրի լուծումը, թույլ էր տրվում ապրանքը տեղափոխել Մայր Աթոռ, ապա վերջերս նաեւ դա արգելվեց»,- նկատում է Տեր Վահրամը՝ հավելելով՝ փոփոխությունը հանգեցրել է պարաֆինի պաշարների սպառման։

Նրա փոխանցմամբ՝ այժմ մոմի արտադրությունը կանգնեցված է: Հասկանալի է, որ արտադրված մոմի պաշարն էլ անվերջ չէ, եւ առաջիկայում եկեղեցիներում մոմավառության արդյունավետ կազմակերպումը լուրջ դժվարություններ կառաջացնի:

Տեր Վահրամի կարծիքով՝ խնդիրը համապատասխան օրենսդրության սխալ մեկնաբանության մեջ է։ Վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածում նշված դրույթը՝ ավագ քահանան ասում է՝ հարկումից ազատ են նաեւ ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը եւ իրացումը: «Հստակ ցույց է տալիս, որ «արտադրություն» եզրույթի մեջ ներառվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում՝ ներմուծումը: «Արտադրություն» գործընթացն ինքնին որեւէ հարկ չի կարող առաջացնել, որով արտադրության համար անհրաժեշտ այն գործողությունները, որոնք հարկ են առաջացնում, պետք է համարել ազատված հարկումից: Այդպիսի գործողություն կարող է համարվել հումքի ձեռքբերումը ներմուծման միջոցով»,- նշում է նա:

Նշվում է, որ Մայր Աթոռը փորձել է այս խնդիրը լուծել բարեգործության ծրագրերի ճանաչման ճանապարհով, սակայն վերջերս դա էլ չի հաջողվում. «Ցավոք, պետական պատկան կառույցը մերժում է ծրագիրը բարեգործական ճանաչել այն հիմքով, թե հումքի ներմուծումը շահառություն է ենթադրում»:

Մեր հարցին, թե խնդրի լուծման համար ի՞նչ տարբերակներ են դիտարկվում, Տեր Վահրամը պատասխանեց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցները պետական պատկան մարմինների ուշադրությանն այս ընթացքում հանձնել են առաջացած վերոնշյալ խնդիրները եւ դրանց հանգուցալուծման համար անհրաժեշտ քայլերը։ Դիմումը կատարված է։ Մնում է, որ իշխանությունների կողմից ձեռնարկվեն համապատասխան քայլեր, ընդհուպ՝ մինչեւ օրենսդրական փոփոխություններ, որոնք կլրացնեն առկա բացերը»։

Մեկնաբանել