Մարտի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ Վայոց ձորի մարզից Արցախյան երրորդ պատերազմի մասնակից զինծառայողներին եւ կամավորականներին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նախագահների կողմից հետմահու տրված պարգեւների հանձնումը նրանց հարազատներին:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ ՊՆ 4-րդ ԲԿ հրամանատարը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետը, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ:
Միջոցառումն սկսեց ՀՀ Օրներգով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սեպտեմբերյան պատերազմում նահատակված վայոցձորցիների հիշատակը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը բացման խոսքում նշեց, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծ¬ված պատերազմի ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված վայոցձորցի զինծառայողները եւ կամավորականները ցուցաբերել են խիզախություն, գործել անհավանական սխրանքներ՝ պաշտպանելով մեր երկրի սահմանները եւ հայրենի օջախները: Մարզպետը նշեց՝ <Մենք պարտավոր ենք մեզ փոխանցած այս փխրուն խաղաղությունը վերածել կայուն խաղաղություն, մեր սրբազան պարտքն է՝ շարունակել նրանց գործը, շենացնել մեր օջախներն ու հայրենիքը՝ ապահովելով գալիք սերունդների խաղաղ ու ապահով կյանքը:
Արարատ Գրիգորյանը պատրաստակամություն հայտնեց միշտ լինել զոհված հերոսների ընտանիքների կողքին, հաղորդակից լինել նրանց խնդիրներին եւ հայտարարեց, որ միջոցառումից հետ կընդունի բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան հանդիպելու եւ խոսելու իրենց խնդիրների մասին:
«Ես ձեր ընտանիքների հավերժ բարեկամն եմ ու միշտ ձեր կողքին եմ» ,- ասաց Արարատ Գրիգորյանը:
«Հավերժ հիշատակ պատերազմում նահատակված վայոցձորցի մեր զավակներին եւ փառք ու պատիվ ձեզ, որ այդպիսի քաջասիրտ հերոսներ ու հայրենանվեր զավակներ եք դաստիարակել: Անվտանգ ու բարի ծառայություն հայոց բանակին ու հայ զինվորներին»,- խոսքն այսպես ավարտեց Արարատ Գրիգորյանը:
Այնուհետ մարզպետը հետմահու ստացած պարգեւները հանձնեց զոհված զինծառայողների եւ կամավորականների հարազատներին: Իսկ միջոցառումից հետո Արարատ Գրիգորյանն անհատական հանդիպում ունեցավ բոլոր ցանկացողների հետ: