Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն հինգշաբթի ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանին եւ հիմնադրամի համայնքային ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին:
Հանդիպման շրջանակներում մարզպետը COAF-ի գործընկերների հետ քննարկել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արմավիրի մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին հիմնադրամի կոմղից ցուցաբերած աջակցության տարաբնույթ ծրագրերը եւ առանձին բաղադրիչներով դրանց շարունակականության ապահովման հնարավորությունները: Ընդգծվել է Արմավիրի մարզպետարանի գործուն աջակցությունը համապատասխան ծրագրերի հասցեական եւ արդյունավետ իրականացման գործում:
Այնուհետեւ անդրադարձ է եղել հիմնադրամի կողմից մարզում իրականացվող առողջապահական, կրթական, երեխայի եւ ընտանիքի աջակցության ծրագրերի շրջանակում իրականացված ձեռնարկներին եւ դրանց ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել համանման ծրագրեր իրականացնել նաեւ Հացիկ եւ Գետաշեն համայնքներում:
Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, բարձր գնահատելով COAF-ի տարիների արդյունավետ գործունեությունն Արմավիրի մարզում, պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ՝ ի նպաստ մարզի զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարելավման: Նա վստահեցրել է, որ մարզում հիմնադրամի կողմից նախատեսվող ցանկացած ծրագիր ամբողջությամբ կծառայի իր նպատակին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մարզի զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում: