Գլխավոր Без рубрики «Հայփոստ»-ը պարզաբանում է ներկայացրել կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ

«Հայփոստ»-ը պարզաբանում է ներկայացրել կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ

0

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխմամբ պայմանավորված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ»-ում ընդունված որեւէ որոշման արդյունքում:

«Հայփոստ» ՓԲԸ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Վերջին շրջանում «Հայփոստ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված:

Հարգելի կենսաթոշակառուներ, հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որեւէ որոշման արդյունքում:

2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Բացի այդ՝ գործող թոշակառուները կենսաթոշակին առնչվող որեւէ փոփոխության դեպքում (լիազորված անձի փոփոխություն, կենսաթոշակի տեսակի փոփոխություն, հաշմանդամության կարգի փոփոխություն, կենսաթոշակի վճարման վերսկսում, կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնում, կենսաթոշակի վերահաշվարկում) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից նույնպես ուղղորդվում են կենսաթոշակի անկանխիկ վճարման եղանակի:

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ դեռեւս հոկտեմբեր ամսին դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը «Հայփոստ»-ի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռեւս չի ավարտվել:

Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը «Հայփոստ»-ին կտրամադրի համապատասխան թույլտվություն, եւ «Հայփոստ»-ը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով:

Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձեւակերպում իրենց կենսաթոշակը կամ կենսաթոշակին առնչվող որեւէ փոփոխություն են կատարում:

Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է «Հայփոստ»-ը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ «Հայփոստ»-ի միջոցով»:

Մեկնաբանել