Մարտական գործողությունների Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններով մարտի 6-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել են 2 զոհվածի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
«Զոհվածների աճյունները հայտնաբերվել են ռազմագործողությունների դիրքային հատվածներից. ըստ ամենայնի՝ մարտական գործողությունների մասնակիցներ են: Աճյունների ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Մարտի 5-ին հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել»,-մանրամասնեց Թադեւոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն մարտի 8-ին: