Գլխավոր Մարզեր Արդեն ծաղկած ծառերը կցրտահարվե՞ն, ու ինչ սպասել գիժ մարտից

Արդեն ծաղկած ծառերը կցրտահարվե՞ն, ու ինչ սպասել գիժ մարտից

0

Երեկվանից Հայաստանի որոշ հատվածներում եղանակը կտրուկ վատացել է: Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային շրջաններում մարտի 7-ին ողջ գիշեր ձյուն է տեղացել: Այսօր՝ մարտի 8-ին, տեղումները շարունակվում են: Այնինչ հանրապետության տարբեր մարզերում ծառերը հասցրել էին ծաղկել:

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասել է՝ տեղումներն այսօր կշարունակվեն մինչեւ երեկոյան ժամը 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածը, դրանից հետո կդադարեն:

Սուրենյանի խոսքով՝ որոշ պտղատու ծառեր արդեն ծաղկել են Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում: Այդ հատվածներում գիշերը ջերմաստիճանը զրոյին մոտ է եղել, որը, ըստ Սուրենյանի, վտանգ չի ներկայացնում:

Ինչ վերաբերում է հանրապետության ողջ տարածքում ցրտահարության վտանգներին, Սուրենյանը մանրամասնում է՝ Արարատյան դաշտում ծառերի ծաղկում գրեթե չունենք, դեռ բողբոջներն են ուռչում, այդտեղ որեւէ վտանգ չկա:

Նրա խոսքով՝ եղանակային վատ պայմանները՝ տեղացող ձյունն ու ջերմաստիճանի անկումը, կարող են չնչին վնասներ հասցնել Տավուշի հովտային գոտիներում, բայց՝ փոքր թվով պտղատու ծառերի դեպքում: «Ամեն դեպքում Տավուշում էլ դեռ լոկալ հատվածներում են որոշ ծառատեսակներ ծաղկել՝ հոն, նուշ, նուռ: Համատարած ծաղկում հանրապետության ոչ մի հատվածում չկա: Արարատյան դաշտում ոչ մի ծառատեսակ չի ծաղկել»,- ասաց Սուրենյանը:

«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալի համոզմամբ՝ ներկայիս ջերմաստիճանի ու տեղումների հետեւանքները ցրտահարություն որակելը սխալ կլինի:

Մասնագետից հետաքրքրվեցինք, թե ընդհանուր առմամբ մարտին ինչ կանխատեսումներ են սպասվում: Նա պատասխանեց, որ մարտին տեղումների քանակը կանխատեսվել է նորմայից ավելի, իսկ ջերմաստիճանը՝ նորմային մոտ: «Բայց ընդհանուր առմամբ մարտը խիստ փոփոխական ամիս է: Առավել եւս այս տարվա մարտը աչքի է ընկնելու բավականին կտրուկ եղանակային փոփոխություններով»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

Օրինակ՝ մեկ-երկու օր ջերմաստիճանը կարող է լինել բավականին բարձր, հաջորդ օրը լինեն ջերմաստիճանի կտրուկ անկում, քամիներ, տեղումներ եւ այլն:

Վերջինիս խոսքով՝ եղանակային տատանումները տարվա այս եղանակի ու ամսվա համար բավականին նորմալ երեւույթ են, երբ տարիների կտրվածքով ենք վերլուծում, մարտը միշտ էլ աչքի է ընկել փոփոխական լինելով:

«Կոնկրետ հիմա օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, իսկ ինչ վերաբերում տեղումների քանակին, ապա դրանք միշտ են եղել, հատկապես՝ հանրապետության լեռնային հատվածներում: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, նորմալ, բնականոն եղանակակլիմայական երեւույթ է, ոչ մի արտառոց բան չկա»,- եզրափակեց Սուրենյանը:

 

Մեկնաբանել