Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ․
Սիրելի կանա՛յք, մայրե՛ր, քույրե՛ր եւ դուստրե՛ր,
Կանանց միջազգային օրն առաջին հերթին ձեր տեսակի առջեւ խոնարհվելու խորհուրդ ունի: Բոլոր ոլորտներում էլ անգնահատելի է ձեր դերն ու արժեքը, սակայն այսօր առավել, քան երբեւէ, ուզում եմ գլուխ խոնարհել ձեր ազնվազարմ եւ հայրենանվեր տեսակի առջեւ: Հայ կնոջ, հայ մոր ծնած ու սնած, նրա դաստիարակած զավակների արյան գնով մենք այսօր ունենք խաղաղ կյանք: Հայ կնոջ կամքի ուժն ու հերոսությունը մեզ ստիպում են առավել ամուր լինել, չընկճվել, ցավն ու հուսալքությունը խեղդելով՝ շարունակել պայքարը՝ հանուն Հայաստանի վաղվա օրվա: Ամիսներ շարունակ պատերազմը միանգամից մի քանի ճակատներում էր՝ համավարակ եւ թուրք-ադրբեջանական ոճիր: Հայ կինն էր, որ տղամարդկանց հավասար նետվեց մարտի դաշտ, նրա հետ հավասար կռվեց, ցավը սեղմելով ատամների տակ՝ բուժեց վիրավորներին, տեսավ սարսափ եւ մնաց անկոտրում: Այսպիսին էր հայ կինը հազարամյակներ առաջ, այսպիսին էր 20-րդ դարասկզբի հայդուկային պայքարում եւ 1915-1923 թթ. ինքնապաշտպանական մարտերում, Հայրենական Մեծ պատերազմում, այսպիսին էր արցախյան առաջին պատերազմում, այսպիսին է եւ այսօր: Հայ տիկնայք հոգու արիությամբ տարել եւ տանում են դառնությունները, շարունակում արարել եւ վերադարձնել կյանքի գույները: Հայ մոր, կնոջ եւ դաստիարակի ուսերին ազգի հարատեւության առաքելությունն է, ազգային արժեքների եւ ավանդույթների պահպանումն ու սերունդներին փոխանցումը:
Թանկագին, սիրասուն կանա՛յք, մայրե՛ր, քույրե՛ր եւ դուստրե՛ր, երջանիկ է այն ժողովուրդը, որն ունի ձեր տեսակը: Գարեգին Նժդեհն ասում է. «Հայ կինը: Նրա միջոցով հոգեփոխենք հայ ընտանիքը, այդ վերջինի միջոցով՝ հայությունը»: Հայությունն այսօր հոգեփոխման կարիք ունի, որում ձեր ավանդն առանցքային է: Ուրեմն՝ ի գործ, մենք ձեր կողքին ենք: