Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Ստեղծագործում են կանայք

Ստեղծագործում են կանայք

0

Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում տեղի ունեցավ ստեղծագործ կանանց համար կազմակերպված դասընթացի մասնակիցների աշխատանքների ցուցադրության բացման արարողությունը, որը կազմակերպվել էր «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության «Սոցիալական զարգացում»  ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներ, մշակութային հաստատությունների ղեկավարներ, արվեստասերներ, դասընթացի մասնակիցները եւ նրանց հարազատները:

Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Թեմի Առաջնորդն իր խոսքում նշեց, որ <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ն միշտ խրախուսել է մարզի երիտասարդների համար կրթական, մշակութային եւ սոցիալական ծրագրերի իրականացումը, որի վառ ապացույցն է բատիկայի վեցամսյա դասընթացի ավարտին նվիրված խմբի մասնակիցների գործերի ցուցադրության կազմակերպումը:

«Ցուցահանդեսի կազմակերպման նպատակը կյանքն ավելի վառ ու գեղեցիկ գույներով ներկայացնելն է եւ բոլորիս, առավելապես երիտասարդների համար ավելի բարձր տրամադրություն ապահովելը»,- նշեց Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Նա շնորհակալություն հայտնեց դասընթացի ղեկավար Նելլի Հովհաննիսյանին եւ խմբի անդամներին ստեղծած գեղեցիկ աշխատանքների համար:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար
Ղազարյանը:
Դասընթացի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը ցուցահանդեսի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ներկայության, իսկ իր սաներին` գեղեցիկ աշխատանքների համար եւ նրանց հանձնեց դասնըթացի ավարտական հավաստագրերը:
Մեզ հետ զրույցում Նելլի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բատիկայի դասընթացներ կազմակերպվել են 2011 թվականից, սկզբում Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի աջակցության, իսկ 2016 թվականից՝ <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի <Սոցիալական զարգացում> ծրագրի շրջանակում:

Ցուցահանդեսի բացումից հետո մասնակիցները դասընթացի սաների ուղեկցությամբ շրջեցին տաղավարներում, ծանոթացան ներկայացված աշխատանքներին, որոնք աչքի էին ընկնում իրենց նրբագեղությամբ, գեղեցկությամբ, վառ ու ցայտուն գույներով, եւ ցուցահանդեսից հեռացան գեղեցիկ տպավորություններով եւ կրկին հանդիպելու ակնկալիքով:

Մեկնաբանել