Գլխավոր Հասարակություն Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար Ա. Գրիգորյանի շնորհավորական ուղերձը

Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար Ա. Գրիգորյանի շնորհավորական ուղերձը

0

Սիրելի մայրեր, քույրեր, աղջիկներ, դուք կրկին գարուն եք բերել։

Ամենևին պատահական չէ, որ ձեզ նվիրված տոները հենց գարնանն են, քանզի կինն է կյանքի շարունակության, առհասարակ` նոր կյանքի խորհրդանիշը։ Սիրով շնորհավորում եմ ձեզ` կանանց տոների կապակցությամբ, մաղթում եմ առաջին հերթին խաղաղ երկինք` վստահ լինելով, որ սա յուրաքանչյուր հայ կնոջ ամենաբաղձալի ցանկությունն է` հատկապես այս ժամանակներում։ Ցանկանում եմ նաև, որ լինեք առողջ, երջանիկ ու հաջողակ, շրջապատված սիրով, ջերմությամբ, ձեզ նվիրված , գնահատող ու սիրող մարդկանցով։ Իմ շնորհավորանքի ու բարեմաղթանքների ջերմ խոսքերն եմ ուղղում իմ համաքաղաքացի կանանց ու աղջիկներին. սիրելիներս, դուք զարդարում եք մեր քաղաքը, մեր կյանքը լցնում մաքրությամբ ու գարուններով։ Այսօր այն օրն է, որ պետք է հատուկ ընդգծել նաև ձեր կարևոր դերը` բոլոր ոլորտներում։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր քաղաքում մանկավարժ, բուժաշխատող, մշակութային ու բազմաթիվ այլ ոլորտներում գործունեություն ծավալող կանայք առաջատար մասնագետներ են իրենց ասպարեզում և բարձր են պահում մեր քաղաքի պատիվը։ Շնորհակալ եմ բոլորիդ` ձեր անձնվեր աշխատանքի համար. անկարելի է չխոսել մեր մայրիկների մասին, որոնք նույնքան կարևոր առաքելություն ունեն՝ դաստիարակել և ապագային հանձնել բանիմաց ու հայրենասեր զավակներ, որոնք պետք է շարունակեն բոլորիս գործը։ Այս իմաստով պետք նշել, որ հայ կանայք լավագույնն են աշխարհում։ Ուստի կրկին ու կրկին շնորհակալություն ձեզ` այն ամենի համար, ինչ անում եք, շնորհակալություն ձեզ, որ կաք։

Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում դուք ուժ գտաք` լինելու զինվորի թիկունքին` պաշտպանիչ ցանց ու գուլպա գործելով, հազար ու մի այլ առաքելությամբ, բայց որ ամենակարևորն է` ձեր աղոթքով։ Ուստի իմ ամենակարևոր մաղթանքն է, որ Աստված շարունակ լսի ձեր խոսքը ու առատորեն պատասխանի ձեզ, քանզի չկա ավելի բարի կամք ու մաքուր աղոթք, քան հայ կնոջ սրտի խոսքն է։ Լավագույնը` ձեզ։

Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ Արմեն Գրիգորյան

Մեկնաբանել