Վարկեր, պարտքեր, հիպոթեք, չտպագրված գրքեր:
Մարկը գումար էր խնդրել մեծահարուստ Դեյմոնից իր գրքի տպագրության համար: Տեւական դադարից հետո մեծահարուստը հայտնվում է երիտասարդ գրողի տանն ու մի դատարկ ճամպրուկ՝ քեյս է նվիրում: Առաջին հայացքից դատարկ ճամպրուկի գաղտնիքը Մարկը պատահաբար, բայց կարողանում է բացահայտել: Քեյսը գումար է տալիս, բայց՝ միայն ցավի դիմաց: Պատճառում ես ցավ՝ ստանում գումար, ինչքան ցավը խորն ու ուժգին է, այնքան գումարը մեծ է:
«Քեյս» ներկայացմամբ մեկ տարվա դադարից հետո Գյումրու դրամատիկականը բացեց դռները հանդիսականի առաջ: Հենց մուտքից ավանդական ժպիտի հետ յուրաքանչյուր ներս մտնողի բարի դիտում մաղթանքի հետ՝ նաեւ դիմակ: Զգույշ լինելը պարտադիր է:
Դահլիճում ազատ տեղեր չկան, զբաղված են նաեւ օթյակները, միջանցքներն ու բոլոր հնարավոր մակերեսները, որտեղ հնարավոր է նստել ու կանգնել:
Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն արդեն դահլիճում բոլորին ողջունում է եւ անկեղծանում. հատկապես շնորհակալ եմ գյումրեցի հանդիսատեսից, միշտ թատրոնի կողքին եք՝ անկախ ամեն ինչից:
«Երբ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո պարոն Ղազանչյանը բեմադրություն է անում, շատերն են մտածում, թե արդյոք գյումրեցին կգա՞ թատրոն: Եվ, այո՛, եկել է գյումրեցին թատրոն, նա վշտի մեջ էլ գիտի գնահատել արվեստն ու արվեստագետին: Սրա համար եմ առանձնահատուկ շնորհակալ»,- ասաց Հարությունյանը:
2021-ին թատրոնը սկզբունքորեն չի բեմադրի դրամաներ: Կլինեն միայն կատակերգություններ, բեմադրություններ համերաշխության ու սիրո մասին: «Ինձ անընդհատ հարցնում են, թե արդյոք կատակերգության ժամանա՞կն է: Ես ասում, որ՝ այո՛, ոչ միայն ժամանակն է, այլ անհրաժեշտություն է: Մենք այս ամիս խաղացանկում 18 ներկայացում ունենք, իսկ մեր հերոսներին անընդհատ հիշում ենք: Դրա վառ ապացույցը «Հարսանիք թիկունքում» ֆիլմի ցուցադրություններ են: Երկու ամսում ֆիլմն արդեն 30.000 մարդ է դիտել: Այն ցուցադրվում է նաեւ արտերկրում»,- մինչ ներկայացումը կայացած ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի տնօրենը: Նիկոլայ Ծատուրյանն էլ հաստատեց՝ այո՛, պետք են: Հատկապես հիմա, երբ մարդիկ հիասթափված են, օդանավակայաններում մեկնողների մեծ թիվ կա, պետք է որ թատրոնն էլ այս նեգատիվը մեղմելու, ցրելու գործում իր դերն ունենա:
Առաջինը քայլն արվեց «Քեյս»-ի պրեմիերայով: Պիեսի հեղինակ՝ Բաբկեն Զաքարյան, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: Պիես՝ գրված հատուկ Գյումրու թատրոնի համար, որում յուրաքանչյուրն իրեն տեսնելու, ընկալելու եւ կյանքը վերաիմաստավորելու հնարավորությունն ունեցավ:
Ցավ պատճառել դիմացինին եւ ստանալ շատ փող: Հարստանալ ու դրան զուգահեռ կորցնել մարդկային դիմագիծը, հեռանալ սկզբունքներից, ագահանալ ու չբավարարվել ունեցածով: Այնքան էլ իրականությունից հեռու պատկեր չէ: Եվ եթե կյանքում քչերին է հաջողվում այդ վիճակից ելք գտնել ու փրկվել, փրկել սեփական «ես»-ն ու ընտանիքը, ապա պիեսում դա հնարավոր եղավ: Դեյմոնը ետ վերցրեց ճամպրուկը, քանի որ Մարկն այդպես էլ չկարողացավ ճանաչել մարդուն, մարդու ներաշխարհն ու չգրեց այդ մասին, շեղվեց իր առաքելությունից, գրողից դարձավ փող աշխատող: Մարկի ու կնոջ հետ ապրող գեներալ պապիկն այրեց այլոց տանջանքների արդյունքում իր թոռնուհու կուտակած փողերը: Էվայի սարսափած՝ ի՞նչ արեցիր հարցին պատասխանելով. ես ձեզ փրկեցի:
Վարագույրը փակվեց երկարատեւ ծափերով: Պրեմիերան կայացած է: Դրամատիկականն իր հստակ խաղացանկով շարժվում է առաջ՝ անխախտ պահելով իր կոչը՝ ապրել հանուն հերոսների:
armtimes.com