Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ստորաբաժանումների կողմից անցկացված բացատրական մեծածավալ եւ հետեւողական աշխատանքների շնորհիվ Գյումրի քաղաքի տարբեր հասցեներից գողություններ կատարելու համար կալանավորված անձ Վ.Պ.-ն 2021 թվականի մարտի 4-ին հանդես է եկել մեղայականով առ այն, որ սույն թվականի փետրվարի 1-ից մինչեւ փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում 21 դեպքով Երեւան եւ Գյումրի քաղաքներում կատարել է ուրիշի գույքի գաղտնի եւ բացահայտ հափշտակություններ, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Մասնավորապես կալանավորված անձը, մատնանշելով կոնկրետ հասցեներ, խոստովանել է, որ ապօրինի մուտք գործելով պահպանվող շինություն եւ օգտվելով պահակի քնած լինելու հանգամանքից՝ գողացել է համակարգչի մոնիտոր եւ մեկ շիշ վիսկի, երեկոյան ժամերին 9 դրվագով կանանցից բացահայտ հափշտակել է նրանց պայուսակները, սեփականատիրոջ ներկայությամբ բացահայտ հափշտակել է հեծանիվ, թվով 6 հատ «Tell cell» վճարային տերմինալներից գողացել է անվանական արժեքներով մետաղադրամներ, ապակիները կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել ծաղկի 2 սրահ եւ սննդի արագ սպասարկման 2 կետ, որտեղից գողացել է բջջային հեռախոսներ, ականջակալ եւ կանխիկ գումար, բացի այդ` փորձել է հափշտակել ավտոմեքենա, որն իր կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով ավարտին հասցնել` գողացել է տվյալ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը։
Մեղայականով ներկայանալու մասին կալանավորված անձի դիմումն ուղարկվել է քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմիններին՝ քրեադատավարական ընթացակարգով հետագա ընթացքը լուծելու համար: