Գլխավոր ԵՐԵւԱՆ Բանակը չի նահանջելու. Վազգեն Մանուկյան

Բանակը չի նահանջելու. Վազգեն Մանուկյան

0

Այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության» շարժումը հանրահավաք է հրավիրել: Շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն պնդումներին, թե ընդդիմադիրների մի շարք հայտարարություններ խոչընդոտում են գերիների վերադարձի գործընթացներին, նշեց. «Մարդը, եթե դպրոցի մինչեւ 4-րդ դասարանը սովորել է, լավ գիտի, որ դա հիմարություն է: Բերեք մի փաստարկ, որ ընդդիմության գործունեությունը խանգարում է գերիներին բերելուն»:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ շատ կարեւոր է, թե այսօր ՀՀ նախագահը մինչեւ ժամը 6-ը ինչ որոշում կկայացնի Օնիկ Գասպարյանին՝ ԳՇ պետից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշման վերաբերյալ, եւ, թե ինչ քայլեր կանի Նիկոլ Փաշինյանը. «Մի բանում ես համոզված եմ՝ բանակը չի նահանջելու, որովհետեւ այստեղ Օնիկ Գասպարյանի անձի հարցը չէ, ամբողջ բանակն ընդունում է դա, որպես միասնական կոլեկտիվ հարց: Եթե հրամանագիր լինի Նիկոլ Փաշինյանի կողմից, որ հանում է աշխատանքից Օնիկ Գասպարյանին, ես համոզված եմ, որ չի ենթարկվի բանակը դրան, մնալու են իրենց տեղերում»:

Խոսելով իրենց շարժման մարման մասին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Կմարի, հետո՝ կբարձրանա: Հաշվի առեք՝ շարժումը, երբ սկսվեց ինչ վիճակ էր Հայաստանում, իսկ հիմա բանակը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին, ակադեմիան չի ընդունում, նախագահը չի ընդունում, համալսարանները չեն ընդունում, կաթողիկոսը չի ընդունում, այս շարանը շարունակվելու է»:

Հարցին՝ այս ընթացքում կապ հաստատե՞լ են Օնիկ Գասպարյանի հետ, միգուցե Գասպարյանը ցանկանում է դիմել վարչական դատարան, Մանուկյանը պատասխանեց. «Այո,իհարկե, կապ կա, ինֆորմացիա ունենք իրար մասին: Իսկ, թե դատարան դիմելու է, թե՝ ոչ, չգիտեմ ու խորհուրդ էլ չեմ տա»:

Մեկնաբանել