
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենը, 2011թ. նոյեմբերի 28-ին նշանակվելով նշված պաշտոնին, օժտված լինելով կազմակերպատնօրինչական եւ վարչատնտեսական լիազորություններով, նույն կազմակերպության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019թթ. ընթացքում, շահադիտական նպատակով եւ անձնական այլ դրդումներով, կազմել է կեղծ փաստաթղթեր եւ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, դիտավորությամբ վատնման եւ յուրացման եղանակով հափշտակել դպրոցին հատկացված խոշոր եւ զգալի չափերով գումարները՝ ընդհանուր՝ 6.170.221 ՀՀ դրամ, որից 1.528.055 ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակել է նույն կազմակերպության հաշվետարը:

Բացի այդ, Գյումրի քաղաքի բնակչուհուն դպրոցում աշխատանքի ընդունելու եւ նշված դպրոցի աշխատակիցների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, ինչպես նաեւ չկատարելու համար տնօրենը նրանցից պահանջել ու միջնորդավորված եւ անձամբ որպես կաշառք ստացել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ: Համապատասխան աշխատակիցների դասաժամերը չկրճատելու պատրվակով, տնօրենը նաեւ դրդել է նրանց կաշառք տալու փորձ կատարելուն:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործավարը, նույն ՊՈԱԿ-ում աշխատելով նաեւ որպես ուսուցիչ, նպաստել է կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը: Վերջինս փորձել է նաեւ այլ պաշտոնատար անձի կաշառք տալ՝ կազմակերպությունում դասաժամերի քանակը չնվազեցնելու, այդ պատճառով տարբեր ուսումնական տարիների ընթացքում դասարաններ չմիացնելու եւ իր դասաժամերը չկրճատելու նպատակով ու այդ պատրվակով կազմակերպության տնօրենին փոխանցել է 10.000-ական ՀՀ դրամ:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. հուլիսին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջով, Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին, դստեր օգտին գործողություններ կատարելու՝ նշված կազմակերպությունում որպես երաժշտության ուսուցչուհի հրամանագրելու եւ աշխատանքի ընդունելու համար, անձամբ նրան որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.099.400 ՀՀ դրամին համարժեք 2.300 ԱՄՆ դոլար գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ):
Դպրոցի գործավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), հաշվետարին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: