Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրեւ «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլեւ ակնհայտ կեղծիք է եւ մանիպուլացիա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
«Խստորերն դատապարտում ենք նման գործելաոճը, լրատվամիջոցներին հորդորում ենք «մեզ հասած տեղեկություններով» ոճի՝ բարձր լրագրությանը ոչ հարիր աշխատելաոճ չդրսեւորել, մեր քաղաքացիներին էլ խորհուրդ ենք տալիս չհետեւել նմանաբնույթ սադրանքներին։
Նաեւ հայտնում ենք, որ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրանքով՝ ուսումնասիրելու «Ժամանակ» թերթում հրապարակված «Հրամանին չեն ենթարկվել․ ի՞նչ է ցանկացել անել Օնիկ Գասպարյանը» հոդվածում առկա առերեւույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող նյութերը եւ, հիմքերի հաստատման դեպքում, նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու, որի արդյունքում մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է գրառման մեջ: