Գլխավոր ԵՐԵւԱՆ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը

0

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի եւ ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձեւավորել ազատ, մրցակցային եւ մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները եւ ստեղծարար արդյունաբերությունը:

Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝

  1. Թատերական ստեղծագործական ծրագրեր եւ նախագծեր,
  2. Երաժշտական ստեղծագործական ծրագրեր եւ նախագծեր,
  3. Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր եւ նախագծեր,
  4. Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր եւ նախագծեր,
  5. Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր եւ նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի),
  6. Մշակութային հեռուստահաղորդաշարեր,
  7. Ստեղծագործական կրթական ծրագրեր եւ նախագծեր,
  8. Երաժշտական եւ արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ,
  9. Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը,
  10. Ներառական ծրագրեր եւ նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում,
  11. Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր եւ նախագծեր,
  12. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր,
  13. Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր եւ միջոցառումներ,
  14. Թանգարանային ծրագրեր եւ միջոցառումներ:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի արդիականացման եւ ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության եւ ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, եւ որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը:

Հայտերը մինչեւ ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) եւ Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։

Մրցութաշրջանի եւ հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասները՝ հետեւյալ հղմամբ:

Մեկնաբանել