«Սիսական ջոկատ»-ը հայտարարել է, որ անհայտ անձինք մարտի 8-ին մուտք են գործել հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տուն եւ գողություն կատարել:
«Արմենպրես»-ը ոստիկանությունից պարզեց, որ Սիսիանի ոստիկանության բաժանմունքում՝ մարտի 8-ին ժամը 18:40-ին ահազանգ է ստացվել Սիսիանի բնակարաններից մեկում գողություն կատարելու դեպքի առթիվ: «Մենք ահազանգ ենք ստացել, որ փետրվարից մինչեւ մարտի 8-ը ժամը 18:40-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Լծեն բնակավայրում գտնվող տուն, խառնել են իրերը, առարկաներն ու հեռացել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ոստիկանությունից:
Աշոտ Մինասյանի մարտական ընկերոջ որդի, «Սիսական ջոկատ» «Ֆեյսբուք»-ի էջի պատասխանատու Աղվան Պապյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում ստացված ահազանգը եւ ջոկատի հրամանատարի հայրական տան գողության դեպքերը նույնն են:
«Ֆեյսբուք»-ի «Սիսական ջոկատ» էջում գրել են, որ բնակարան մուտք գործող անձինք ջարդել են ամեն ինչ եւ տարել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստացած ռազմական շքանշանները, ինչպես նաեւ Աշոտ Մինասյանի զոհված եղբոր՝ Աղվան Մինասյանի շքանշանները:
Այս պահին նախապատրաստվում են նյութեր, պարզվում են մանրամասները: