Գլխավոր ԵՐԵւԱՆ Այս հարցը շահարկելով՝ ձեւավորվում է թյուր կարծիք. ՀՀ նախագահի աշխատակազմ

Այս հարցը շահարկելով՝ ձեւավորվում է թյուր կարծիք. ՀՀ նախագահի աշխատակազմ

0

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով տարբեր քաղաքական ուժերի, գործիչների եւ անձանց՝ Հանրապետության նախագահի կողմից «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ մեկնաբանություններին, պարզաբանումներին եւ վերլուծություններին:

«Այս հարցը շահարկելով՝ ձեւավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է»,- ասվում է հայտարարության մեջ: ՀՀ նախագահի աշխատակազմն անհիմն է համարում նման կարծիքները։ «Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, եւ Հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմից նաեւ հայտնում են, Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում էր կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը եւ հայտարարել էր, որ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 

 

Մեկնաբանել