Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն մարզպետարանում ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին, կենտրոնի հաղորդակցման, միջոցառումների եւ հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին ու կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արթուր Մկրտչյանը եւ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Արարատի մարզում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման, կրթական ծրագրերի ներդրման եւ «Թումո» տուփերի ստեղծմանն ու երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ընդլայնման ծրագիրը։
Երկուստեք ընդգծվեց մարզի պատանիների շրջանում «Թումո»-ի կրթական ծրագրերի հասանելիության կարեւորությունն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին Արարատի մարզում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, ինչպես նաեւ անձամբ իր ու մարզպետարանի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու իր ղեկավարած մարզում այս ծրագրի իրագործմանը:
Քննարկման ընթացքում վերահաստատվեց նաեւ «Մասիսի զարգացման հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ Մասիս քաղաքում «Թումո» կենտրոն կառուցելու մտադրությունը:
Նշենք, որ ըստ «Թումո» կենտրոնի ներկայացուցիչների կողմից ներկայացված նախնական քարտեզի՝ նախատեսվում է 12-18 տարեկան պատանիների համար անվճար կրթություն՝ տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում: