Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Լոռիում ծաղիկներ են խոնարհել 10 տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի զոհերին...

Լոռիում ծաղիկներ են խոնարհել 10 տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի զոհերին նվիրված խաչքարին

0

Այսօր՝մարտի 10-ին, նշվում է 2011թ-ի այս օրը ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի ու հզոր ցունամիի 10-րդ տարելիցը:

Ի հիշատակ անմեղ զոհերի՝ նույն տարում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի այն ժամանակվա հրամանատար, ներկայումս  Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի մտահաղացմամբ ու հրշեջ-փրկարարական ջոկատի տղաների հետ համատեղ քաղաքում կանգնեցվեց  Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքար:

Կենտրոնում՝ Սերոբ Գաբրիելյանը

Ամեն տարի այս օրը Լոռու մարզային փրկարարական վարչության ողջ անձնակազմը ծաղիկներ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան, ԱԻ  փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու բազմաթիվ սպիտակցիներ:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին նաեւ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին:

Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հոգեհանգստի կարգ կատարեց և ներկաների հետ միասին աղոթք հնչեցրեց առ Աստված՝ բոլոր զոհերի հոգիների հանգստության համար:

Փոխմարզպետն իր խոսքում նշեց,  որ Ճապոնիայի ժողովուրդը մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին, ու սա ևս մեկ առիթ է հավաստելու, որ հայերը նույնպես պատրաստակամ են աջակցելու ու համագործակցելու Ճապոնիայի հետ՝ ամենատարբեր ուղղություններով:

«Հայ-ճապոնական համագործակցությունը տարիների պատմություն ունի: Վստահ եմ, որ երկու երկրների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունները տարեցտարի առավել ամուր են լինելու»,-ասաց նշեց Գ. Ասրյանը:

Ա. Փամբուխչյանն իր հերթին զորակցության խոսքեր հղեց արհավիրքը վերապրած Ճապոնիայի ժողովրդին:

Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, նշեց, որ Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը:

Մեկնաբանել