ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն։ Այս վիճակն անթույլատրելի է:
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մի քանի տարի շարունակ բողոքներ են հասցեագրվում, որոնք նույնաբովանդակ են եւ վերաբերում են հանձնաժողովի որոշումներին, դրանց հիմնավորվածության ու պատճառաբանվածությանը։ Խոսքը վերաբերում է նաեւ միեւնույն իրավիճակներում իրարից խիստ տարբերվող ու կամայական որոշումներ կայացնելու բողոքներին:
Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կապակցությամբ առկա են օրենսդրական եւ գործնական խնդիրներ, մասնավորապես՝
1) պատժի կրման նպատակով ուղղիչ հիմնարկը որոշելիս կամ փոխելիս հաշվի չի առնվում անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը.
2) Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները հիմնականում պատճառաբանված չեն.
3) քրեակատարողական օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն
Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության սկզբունքները եւ տեղաբաշխման հիմքում դրվող չափանիշները, օրինակ՝ ազատությունից զրկված անձի՝ մերձավոր ազգականներին հնարավորինս մոտ տեղաբաշխվելու առաջնայնությունը՝ որպես անձի վերասոցիալականացման կարեւոր գործոն: Այս խնդիրները բարձրացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017, 2018 եւ 2019 թվականների գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում: Դրանք արտացոլվելու են նաեւ 2020 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցում: Թեեւ 2020 թվականին ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության հրամանով հաստատված Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նախագիծը, վերոնշյալ խնդիրները լուծում չեն ստացել, ինչի մասին են վկայում նաեւ 2020 եւ 2021 թվականներին ազատությունից զրկված անձանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները կապված Տեղաբաշխման հանձնաժողովի անհիմն, չպատճառաբանված եւ համանման իրավիճակներում տարբեր որոշումների կայացման հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ առկա վիճակն անթույլատրելի է. օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաեւ ուղղիչ հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս, եւ ինչ չափանիշներով է որոշվում մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը:
Սա պետք է հստակ լինի հենց դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կանխատեսել իրենց կողմից դրսեւորած վարքագծի հետեւանքները՝ կապված ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հետ: Օրենսդրական կարգավորումների թերությունները, ինչպես նաեւ Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների պատճառաբանվածության ուղղակի պահանջի բացակայությունը չի կարող որեւէ կերպ արդարացնել Տեղաբաշխման հանձնաժողովի բացարձակ հայեցողությունն ու բացառել վերջինիս հաշվետվողականությունը: Դա մեծացնում է մարդու իրավունքների խախտումների եւ կամայականության ռիսկերը:
Հիշեցնենք, որ Տեղաբաշխման հանձնաժողովը քննարկում է դատապարտյալների՝ օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, ինչպես նաեւ հիմնարկի տեսակը փոխելու հարցերը: Մարդու իրավունքների պաշտպան