Մարտի 11-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրիում ամուսիններ են դանակահարվել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանն ասաց՝ դանակահարության դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Դեպքը տեղի է ունեցել ամուսինների բնակության վայրում՝ Անի թաղամասի սեփական տանը: Նախ բակում ամուսինն է դանակահարվել (1981 թվականին ծնված), այնուհետ դանակահարողը մտել է ներս եւ ներսում նաեւ կնոջն է վնասել: Թե ինչն է եղել պատճառը, դեռ հայտնի չէ:
Ամուսինը ճանաչվել է տուժող, քանի որ նրա վնասվածքներն առավել ծանր են:
Ընթանում է նախաքննություն, իրականացվում է անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այս պահին կասկածյալ չկա:
Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը թերթի հետ զրույցում ասաց՝ տղամարդը գիշերը հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ու կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Վիրահատվել է, վիճակը կայուն է։
Դանակահարված կինը՝ ծնված 1986 թվականին, հիվանդանոց է տեղափոխվել վերին ձախ վերջույթի բազմակի կտրած-ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ-ջլերի վնասմամբ։ «Գյումրի»-ից կինը տեղափոխել է Երեւան, քանի որ անհրաժեշտություն է եղել միկրովիրաբույժի հսկողություն։