
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության եւ երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման:
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում օրերս Արարատի մարզի Դարբնիկ համայնքի Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ «Կամուրջ» սենյակ-անկյունի բացման արարողությունը, որին ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության եւ « Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները, աշակերտներ, համայնքի բնակիչներ:

Աշակերտների կողմից թեմատիկ պատկերներով նկարազարդված սենյակը ծառայելու է որպես ոչ ֆորմալ կրթության եւ հնարավորությունների զարգացման հարթակ՝ տեղացի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունից տեղահանված երեխաների համար դառնալով ընթերցանության, ինտելեկտուալ խաղերի, ֆիլմերի դիտման, քննարկումների եւ այլ միջոցառումների կազմակերպման յուրահատուկ միջավայր:
Ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից դպրոցին տրամադրված պլանշետների միջոցով եւ ուսուցիչ-առաջնորդների օգնությամբ աշակերտները կներգրավվեն նաեւ վիքիխմբակում՝ սովորելով գրել եւ խմբագրել հոդվածներ Վիքիպեդիայում: