Մարտի 12-ին, ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սեւան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի եւ նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ եւ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա: shamshyan.com-ի տեղեկություններով օպերացիայի արդյունքում Զովունի գյուղում գտնվող գազալցակայաններից մեկում ոստիկանները վնասազերծել եւ այդտեղից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւան քաղաքի բնակիչներ, 50-ամյա Արմեն Հ.-ին եւ 39-ամյա Էդգար Ս.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են փետրվարի 22-ին Երեւանի կենտրոն վարչական շրջանում Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետից զենքի եւ նռնակի սպառնալիքի տակ 50 մլն դրամ հափշտակելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս եղել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով եւ բերման ենթարկվելուց հետո ոստիկանութան կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը եղել է կատարող, մյուսը՝ օժանդակող եւ նրանք փեսա ու աներորդի են:
Քննիչի որոշմամբ Արմեն Հ.-ն եւ Էդգար Ս.-ն ձերբակալվել են: