
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի «աշխատակից», այժմ ամբաստանյալ Նատալյա Չիստյակովայի դատական առաջին նիստը նշանակել է մարտի 16-ին։
Ըստ մեղադրանքի, Նատալյա Չիստյակովան 2019թ. նոյեմբեր ամսին ծանոթացել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Հովսեփ Սարգսյանի հետ եւ տեղեկացել է, որ Հ.Սարգսյանի ընտանիքն ունի ֆինանսական խնդիրներ։

Դրանից հետո Ն.Չիստյակովայի մոտ մտադրություն է առաջացել խարդախությամբ Հ.Սարգսյանից հափշտակել զգալի չափերով գումար։ Իրականացնելով իր հանցավոր մտադրությունը Ն.Չիստյակովան խաբեությամբ Հ.Սարգսյանին հայտնել է, թե իբր իր ծանոթների միջոցով կարող է օգնել նրա ընտանիքը «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի «Խեղված ճակատագրեր» էջի շրջանականերում ներկայացնելու եւ արտոնյալ կարգով օգնություն տրամադրելու համար։ Այդ կերպ ներազդելով Հ.Սարգսյանի կամքի եւ գիտակցության վրա, Ն.Չիստյակովային հաջողվում է հափշտակել 190.000 դրամ։
Իր հանցավոր գործողությունները թաքցնելու նպատակով Ն.Չիստյակովան Հ. Սարգսյանի անվամբ դիմում է գրել «Արմենիա» հեռուստաընկերությանը, որից հետո անկախ Ն.Չիստյակովայի կամքից, հեռուստաընկերությունում հաստատված չափորոշիչների հիման վրա 2019թ. նոյեմբերի 24-ին Հ. Սարգսյանի ընտանիքը ներկայացվել է «Սուր անկյուն» հաղորդաշարի «Խեղված ճակատագրեր» էջի շրջանականերում։ Այդ մասին Հ.Սարգսյանը տեղեկագրել է Ն.Չիստյակովային, որը նույն օրը երեկոյան գնացել է Հ. Սարգսյանի տուն եւ չարաշահելով խաբեությամբ ձեռք բերած վստահությունը, արտոնյալ կարգով օգնություն տրամադրելու պատրվակով նրանից պահանջել եւ ստացել է 100.000 ՀՀ դրամ, այդ կերպ խարդախություն կատարելու միասնական դիտավորությամբ Հ. Սագսյանից Ն.Չիստյակովան հափշտակել է զգալի չափերով՝ ընդհանուր 290.000 դրամը, որը ծախսել է իր անձնական կարիքների համար։
Բացի այդ, Ն.Չիստյակովան խարդախությամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտագործելով իր միջամտությամբ Հովսեփ Սարգսյանի ընտանիքին բարերարների կողմից օգնություն տրամադրելու վերաբերյալ տարածված խոսակցությունները, Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Սարգիս Միրզախանյանին խաբեությամբ ներկայացել է «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից եւ «Սուր անկյուն» հադորդաշարի «Խեղված ճակատագրեր» էջի շրջանականերում եթեր նկարահանելու եւ հետագայում Ս. Միրզախանյանի ընտանիքին օգնություն տրամադրելու համար վճարումներ կատարելու պատրվակով, 2019թ. նոյեմբեր ամսվա վերջերին քննությամբ չպարզված օրը, Սարգիս Միրզախանյանի տանը նրա վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ հափշտակել է զգալի չափերով՝ 310.000 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար։
Նատալյա Չիստյակովան նաեւ խարդախությամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտագործելով իր միջամտությամբ Հովսեփ Սարգսյանի ընտանիքին բարերարների կողմից օգնություն տրամադրելու վերաբերյալ տարածված խոսակցությունները, Արարատի մարզի Դվին գյուդի բնակչուհի Սաթիկ Թադեւոսյանին խաբեությամբ ներկայացել է «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից եւ նույն պատրվակով, 2019թ. դեկտեմբերի 23-ին Սաթիկ Թադեւոսյանի տանը նրա վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ հափշտակել է զգալի չափերով՝ 200.000 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար։
Նատալյա Չիստյակովային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 178 հոդվածի 3րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախություն։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Ա․Դ․