Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Ավագ դպրոցից՝ ինժեներիա. Գյումրիում ստեղծվում է նոր ինժեներական հաբ

Ավագ դպրոցից՝ ինժեներիա. Գյումրիում ստեղծվում է նոր ինժեներական հաբ

0

 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղում տեղի է ունեցել Հայ կրթական հիմնարկության, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հատուկ լսարանի եւ լաբորատորիայի բացումով տրվել է դասերի մեկնարկը:

«Լավագույն ինժեներական փորձը առաջատար ընկերությունների մասնագետները շիրակցի պատանիներին կբերեն, որպեսզի ապրելով իրենց համայնքում՝ ուսանողները Շիրակում շարունակեն բուհական կրթությունը։ 2 տարի մարզի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները հիմնարար գիտելիք եւ փորձ կստանան ծրագրային ճարտարագիտություն, մեքենայական ուսուցում, մեքենաշինություն, 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում, էլեկտրատեխնիկա, էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում եւ իրականացում, արտադրանքի մշակում, նախագծերի կառավարում, թիմային աշխատանք ուղղություններում»,- նշում են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնից:

Ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների մոտ՝ տրամադրելով արդիական եւ մրցունակ ինժեներական հմտություններ: Ծրագրին մասնակցելու հետաքրքրություն է ցուցաբերել 144 աշակերտ, թեստավորման արդյունքում նրանցից ընտրվել է 50-ը (37 տղա, 13 աղջիկ): Ծրագիրն այժմ պիլոտային է եւ դեռ միայն Գյումրիում։

«Հայ Կրթական հիմնարկության հետ պատերազմական իրավիճակից հետո քննարկում էինք ներդրումներն ուղղորդելու հարցերը: Երկուստեք եկանք այն համաձայնությանը, որ առավել կարեւոր է ավագ դպրոցում հիմք դնել ինժեներական կրթությանը: Ծրագիրը հատկապես կարեւոր է տղաների համար, քանի որ վերջիններս, ավարտելով դպրոցը, այլեւս ժամանակ չեն ունենում համալսարանական կրթության համար եւ անմիջապես գնում են զինվորական ծառայության: Մյուս կողմից բանակում եւս կկարողանան այս գիտելիքներն օգտագործել հայրենիքի ծառայությանը»,- բացման արարողությանն ընդգծել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը նշել է, որ իրենք ուրախ են մաս կազմել այդ կարեւորագույն ծրագրին:

«Մեր գործակցությունը ԳՏՏԿ-ի հետ սկսվել է դեռ 2010 թվականից: Շատ ուրախ ենք, որ աշակերտների համար այս ծրագիրը հիմք կդառնա, որ երիտասարդներն ուսումը շարունակեն մեր հայրենիքի համար առաջնահերթ մասնագիտություններով: Բոլոր աշակերտներին հաջողություն եմ մաղթում»,- ասել է Բաղդասարյանը:

Մեկնաբանել