«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․
Հայաստանի Զինված ուժերը պատրաստության 2021 թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-20-ը ԶՈւ բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացնելու են մարտավարական եւ մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ՝ համազորային, զորատեսակների եւ հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։ Պատերազմից հետո սա առաջին զորավարժությունն է լինելու, ինչը հնարավորություն կտա գնահատելու առկա իրավիճակը, ներկայիս ռազմատեխնիկական ներուժը եւ որոշելու զինված ուժերի զարգացման ուղղությունները։
Ադրբեջանի ԶՈւ պլանային զորավարժությունների ֆոնին ավելի է ընդգծվում այս զորավարժության կարեւորությունը նաեւ մարտական ոգու բարձրացման համատեքստում։ Չնայած հետպատերազմյան իրողություններին, մեր հասարակությունը վստահում է Հայկական բանակին։ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute-IRI) կողմից անցկացված սոցհարցման տվյալներով, Հայաստանում ամենահեղինակավոր կառույցը շարունակում է մնալ բանակը․ հարցվածների 50 տոկոսը բանակի աշխատանքը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 23 տոկոսը՝ «որոշ չափով բարենպաստ»։
Այս հարցման արդյունքները վկայում են, որ ամենակարեւոր՝ հոգեբանական մակարդակում ամրացած է ազգ-բանակ միասնությունը, հետեւաբար, անհաջողության հետեւանքներն ավելի հեշտ կլինի հաղթահարել։
Բանակի՝ որպես կառույցի եւ զինվորի հանդեպ վստահությունն այն ամենամեծ կապիտալն է, որը ձեռք է բերվում երկարատեւ աշխատանքի շնորհիվ եւ ունենում է իրական հիմքեր:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։