
Տարածվող տեղեկատվությունը, որ «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հանքերի շահագործման համար իրականության հետ կապ չունեն: Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը, որում ասված է.
««Լիդիան Արմենիան» ստիպված է արձագանքել ընկերության վերաբերյալ հերթական անհեթեթությանը, որը տեղ է գտել ադրբեաջնական մամուլում: Ընդհանրապես Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագրի` Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարները մշտապես մտահոգել են Ադրբեջանին, իսկ ծրագիրը եղել է հարեւան երկրի մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ ահա այժմ նրանք լուրեր են տարածում, թե իբր «Լիդիան Արմենիան» հայտ է ներկայացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հանքերի շահագործման համար: Սա իհարկե չունի եւ երբեւէ չի կարող ունենալ որեւէ կապ իրականության հետ:

Սակայն զավեշտալին այն է, որ որոշ հայաստանյան լրատվական կայքեր լծվել են երկրի միջազգային խոշոր ներդրողի վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվության տարածմանը Հայաստանում: Հասկանալի է, որ Ադրբեջանին անհանգստացնում են ներդրումները Հայաստանում, բայց մտահոգիչ է, որ նույնիսկ պատերազմից հետո մեր երկրում դեռ կարող են թիրախավորել միջազգային խոշոր ներդրողին` անտեսելով երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման համար ներդրումների կարեւորությունը»: