Մարտի 13-ը շատերիս հիշողության մեջ զուգորդվում է Եղիշե Չարենցի ծննդյան օրվա հետ: Հազար տարին մեկ է նման հանճար ծնվում, ահավասիկ՝ 10-րդ դարում՝ Նարեկացին, 20-րդ դարում՝ Չարենց՝ երկուսն էլ հայ պոեզիայում նոր ու հզոր արահետ բացողներ:
Հայ գրականությունը վառ անհատականություններ շատ է ունեցել, բայց Նարեկացին ու Չարենցն անկրկնելի են…
Ամենատաղանդավոր ու ամենահակասական բանաստեղծն է Չարենցը, նաեւ ամենաողբերգականը՝ սկսած ծննդավայրի առեղծվածից (Մակու՞, թե՞ Կարս) մինչեւ մահվան առեղծվածը եւ գերեզմանի վայրի փնտրտուքները:
Չարենցը վիթխարի նորություններ է բերել, մի խոսքով՝ նորարար, իր բանաստեղծություններում ավելի շատ տաղաչափական ձեւեր ու միջոցներ է կիրառել, քան դրանք կան ողջ հայ պոեզիայում: Հայոց լեզուն հարստացրել է նոր բառերով եւ արտահայտություններով (չնչին, ինչպես Արարատին նետած քար կամ սանձել է ուզում հողմերին այս ողորմելին), հայ քնարերգություն ներմուծել պատկերավոր մտածողության նոր ու թարմ համակարգ:
Չարենցյան ստեղծագործությունը այժմեականությունը եւ արդիականությունը չի կորցրել նրա ապրած ժամանակից եւ մահվանից տասնամյակներ անց, նրա ձեւակերպումները կիրառել են հենց մեր ապրած ժամանակի համար: Ահավասիկ, ինչպես է ներկայացնում հայրենիքը «Ողջակիզվող կրակ» բանաստեղծական շարքում՝ (գրված 1919-1920 թթ.).
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ…
Այս մակդիրները համահունչ չե՞ն մեր օրերի երկիր Հայաստան երկրին:
Կամ ընթերցենք «Պատմության քառուղիներով» պոեմը՝ զետեղված «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ: Ո՞ր մի գրողի որ ստեղծագործության մեջ է այդքան ճշմարիտ ներկայացված մեր անցած ճանապարհի փիլիսոփայությունը: Բանաստեղծը ոչ թե սուտ ու փուչ հերոսություն է վերագրում իր հայրենիքին, այլ իրական, ճշմարտացի ու դառը հայացքով է դիտարկում մեր անցած ուղին.
Եվ այսպես — պատմության քառուղիներով
Անցել ենք մենք անղեկ ու անգաղափար,
Շառագունված անվերջ ուրիշների հրով,—
Եվ մեր ճանապարհը անփայլ
Եղել է ճանապարհ ունայնության, մահի —
Եվ չե՛նք կարող այս օր ձեզ մեծարել
Օ, նախնինե՛ր մեր խեղճ, առաջնորդներ մեր հին,
Մեր պատմություն անդեմք ու անհանճարեղ…
Կամ միթե՞ օրհներգի տեքստ չէ «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» տողով սկսվող սքանչելի բանաստեղծությունը (սա ասում եմ այն բանի համատեքստում, որ վերջերս շատ է խոսվում ներկայիս օրհներգը փոխելու մասին):
Ցավալիորեն ձեւավորված մի ավանդույթով մեր մեծերին հոբելյանից հոբելյան, լավագույն դեպքում՝ տարեդարձից տարեդարձ ենք հիշում, մինչդեռ Աստծո ամեն օր անհրաժեշտ է ձեռքը վերցնել Չարենցի որեւէ հատորյակ եւ ընթերցել պատահած բանաստեղծությունը:
Գեղագիտության եւ ամեն ինչի առումով լիովին վարձատրված կլինեք:
Շնորհավոր ծնունդդ, պոետ:
Վահրամ Օրբելյան
https://syuniacyerkir.am/hazar-tarin-mek-e-nman-hanchar-tsnvum-tsnundd-shnorhavor-poet