Երկու օր առաջ Գյումրու Կոմինտերի փողոցի առանձնատներից մեկի 74-ամյա բնակչուհին դիմել էր ոստիկանության «Կումայրի» բաժին՝ հայտարարություն տալով այն մասին, որ պահածոների պահարանի տարաներից մեկում պահվող 3900 եվրոյից 3100 եվրոն անհետացել է։
Այսօր ոստիկանության պաշտոնական կայքում ՝police.am-ում մանրամասներ ներկայացվեցին տվյալ բնակարանային գողության բացահայտման մասին։ «Կումայրի»-ի քրեական հետախույզները բացահայտել են, որ կնոջ տնից 3100 եվրո գողանալու մեջ կասկածվում է նրա երիտասարդ հարեւանը։ 17-ամյա երիտասարդը, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, պարտք է վերցրել 74-ամյա հարեւանուհուց, այնուհետ այդ նույն հարեւանուհու տնից գողացել է 3100 եվրո ու վերադարձրել է պարտքը։
Երիտասարդն այդ գումարով ոչ միայն պարտքն է վերադարձել, այլ իր համար թանկարժեք իրեր գնել, մի մասն էլ պահել՝ որպես գրպանային ծախս։ Ոստիկանները գողոնի չծախսած, փոքր մասը հայտնաբերել են։ Հարուցվել է քրեական գործ։ Ըստ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ «Մարտի 10-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները մեկնեցին դեպքի վայր՝ Կոմինտերնի փողոց։ 74-ամյա տանտիրուհին իրավապահներին հայտնեց, որ պահածոների պահարանի տարաներից մեկում դրել էր 3900 եվրո, որից 3100-ը գողացել են՝ իր պատկերացմամբ՝ փետրվարի 10-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Կումայրիի ոստիկանները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Թաղամասում իրականացրած օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ փողը գողացել էր տուժողի հարեւանը:
17-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Գյումրու Տիգրան Մեծի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց Շիրակի մարզային քննչական վարչություն։ Շուտով հայտնի դարձավ, որ 74-ամյա կինը նրան պարտքով փող էր տվել, երիտասարդն էլ նրա տնից գողացած փողով վերադարձրել էր պարտքը։ Նաեւ իր համար թանկարժեք իրեր էր գնել։ Փողի մի մասն էլ մանրել էր, նաեւ դոլար գնել։
Գողոնի չծախսած, կարելի է ասել՝ փոքր մասը հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։
Aravot.am