Գլխավոր ԵՐԵւԱՆ Կապանի եւ Գորիսի բնակիչները առաջարկել են պայմանագրային զինծառայության տարիքային շեմը բարձրացնել

Կապանի եւ Գորիսի բնակիչները առաջարկել են պայմանագրային զինծառայության տարիքային շեմը բարձրացնել

0

Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է պայմանագրային զինծառայողների ծառայության համար թույլատրելի տարիքային ցենզը բարձրացնել: Նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ում խոսքով` պատերազմից անմիջապես հետո խնդիր կա պայմանագրային զինծառայողներով ավելի շատ համալրել բանակը:

Ըստ նրա` Կապան, Գորիս համայնքների բնակիչներից առաջարկ են ստացել օրենքի համապատասխան դրույթը փոխել, որի համաձայն՝ 45 տարեկանից հետո անհնար է շարունակել պայմանագրային զինծառայությունը: Մարուքյանի խոսքով` առաջարկում են շեմը բարձրացնել մինչեւ 63 տարեկանը, որպեսզի ֆիզիկապես լավ պատրաստված ու զինծառայության փորձով անձինք կարողանան շարունակեն ծառայել բանակում, ոչ թե ստիպված այլ աշխատանք փնտրելով ու չգտնելով՝ արտագաղթեն երկրից:

Մարուքյանը նաեւ հավելեց, որ բարձրագույն սպայական կազմի համար զինծառայության շեմը բարձր է, եթե գեներալներին բանակում պահելու ցանկություն կա ավելի բարձր շեմով, ապա նույնը պետք է լինի նաեւ շարքային կամ ենթասպա զինծառայողների համար:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ողջունեց նախագիծը, սակայն նշեց, որ ըստ իրեն՝ 63 տարեկան շեմը բարձր է: Մարուքյանն արձագանքեց` 63-ից հետո կնքվող պայմանագերը չեն կարող շարունակվել, եթե տվյալ անձի ֆիզիկական պատրաստվածությունը չբավարարի զինծառայության համար, ադ դեպքում նա կզորացրվի օրինակ՝ 57-ում, հետեւաբար չի կարող ծառայել մինչեւ 63-ը:

Նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը ողջունեց նախագիծը, սակայն ընդգծեց` զինծառայության ժամանակ առողջական տվյալների որոշակի չափանիշներ կան, որոնցում տարիքը պարտադիր հատկանիշներից է, եւ որքան էլ առողջական տվյալները բավարարեն, որոշակի տարիքի դեպքում լինելու է ֆիզիոլոգիական կաշկանդվածություն: Խաչատրյանը սակայն նշեց, որ շեմի բարձրացման հարցն արդարացված է:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ողջունելով նախաձեռնությունը, այդուհանդերձ որոշակի առարկություններ ներկայացրեց: Նրա խոսքով` սահմանային տարիքի նախատեսումը չի հանդիսանում միայն Հայաստանի զինված ուժերի կարգավորում, այն ընդունված է բոլոր պետությունների զինված ուժերում եւ ունի զինծառայության կազմակերպման այնպիսի սկզբունքների ապահովման անհրաժեշտություն, ինչպիսիք են անձի ֆիզիկական եւ առողջական համապատասխանությունը զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնին եւ զինծառայությունից բխող գործառույթներին: Փոխնախարարը հայտնեց, որ նախարարությունը նախատեսում է սահմանային տարիքի վերանայում` որոշակի բարձրացման միտումով:

Սարգսյանի խոսքով` ՊՆ-ում կա հանձնաժողով, որին վերապահված է իրավունք հրամանատարության միջնորդության հիման վրա մինչեւ տասը տարի երկարացնել ծառայությունը:

«Մենք պարբերաբար նման բարեխիղճ ծառայողների զինծառայության ժամկետը երկարացնում ենք, էս պահին էլ կատեգորիկ դրված չէ, որ կրտսեր սպայական կազմի տարիքային շեմը սա է ու սրանով սահմանափակվեց»,- ասաց փոխնախարարը` կարծիք հատնելով, որ չի կարող 45 տարեկան անձը լինել դասակի կամ գումարտակի հրամանատար: Փոխնախարարն ընդգծեց, որ շեմը բարձրացնելուն դեմ չեն, բայց բոլորի համար 63 տարեկան սահմանելը՝ առանց պաշտոնների, խմբերի դասակարգելու, խնդրահարույց է:

Նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն առաջարկեց կողմ քվեարկել` այն ներառելով լիագումար նիստերի օրակարգում եւ առաջինից երկրորդ ընթերցում քննարկել: Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

hetq.am

Մեկնաբանել