Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը:
Նախ տեղի է ունեցել վարչապետի եւ տիկին Լինդեի առանձնազրույցը, այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան եւ շնորհավորել ու արգասաբեր գործունեություն մաղթել այս պատասխանատու առաքելության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությունը՝ կայունության եւ անվտանգության ապահովման գործում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ այդ համատեքստում կարեւորել ՄԽ գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի վերսկսման եւ հիմնախնդրի համապարփակ կարգավորման հարցում:
Այս առումով վարչապետը շեշտել է ԼՂ կարգավիճակի հստակեցման ու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միայն կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի ձեւավորման միջոցով հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն եւ երկարատեւ խաղաղություն, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից շարունակվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունները որեւէ կերպ չեն նպաստում դրան: Վարչապետը շեշտել է, որ դեռեւս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հումանիտար խնդիրները, արցախայության իրավունքների, մշակութային ժառանգության ինքնության պաշտպանությունը եւ այս առումով նշել ԵԱՀԿ կարեւոր դերը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարեւորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, եւ հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, իսկ Ադրբեջանը շարունակում է գերեվարության մեջ պահել հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:
Որպես ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարեւորել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու իր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ միտված երկարաժամկետ կայուն լուծմանն ու խաղաղության հաստատմանը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարեւոր դեր ունեն անդրադառնալու ներկայումս ստեղծված անմիջական իրավիճակին եւ կողմերին օժանդակելու՝ գտնել հիմնախնդրի կարգավորման ուղիներ: Միաժամանակ, ԵԱՀԿ գործող նախագահը կարեւորել է միջազգային մարդասիրական իրավունքի հարգումն ու հումանիտար խնդիրների լուծումը, ինչը կնպաստի նաեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակին եւ հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: