
Ճամբարակի եւ Շողակաթի համայնքապետարանների նախաձեռնությամբ Ճամբարակի համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ հուշ- ցերեկույթ՝ նվիրված 2020 թվականի Արցախյան պատերազմում եւ նույն թվականի հուլիսին մղված մարտերում Ճամբարակ եւ Շողակաթ համայնքներից հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած 35 հերոս զինծառայողների հիշատակին:
Ցերեկույթին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր, զոհված զինծառայողների ծնողները եւ հարազատները: Մինչ ցերեկույթի մեկնարկը, մասնակիցները ծանոթացան մի հուշալբոմի, որտեղ տեղադրված էին այդ քաջորդիների լուսանկարները եւ նրանց մասին պատմող նյութերը:

Ցերեկույթի ընթացքում Ճամբարակի մշակութային հաստատությունների աշխատակիցներն ու շնորհալի սաները հանդես եկան գրական -երաժշտական կատարումներով, անուն առ անուն հնչեցրին հիշատակի եւ խոնարհումի խոսքեր՝ ուղղված հերոս նահատակներին եւ նրանց ընտանիքներին:
Իր ամփոփիչ խոսքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ յուրաքանչյուրիս պարտքն է՝ լինել հերոս հայորդիների ընտանիքների կողքին, տեղեկանալ նրանց հոգսերին ու խնդիրներին եւ պատրաստակամորեն աջակցել նրանց՝ այդ խնդիրների կարգավորման հարցում:
«Գեղարքունիքի մարզպետարանի եւ անձամբ իմ անունից պատրաստակամություն եմ հայտնում՝ ուշադրության կենտրոնում պահել ձեր ընտանիքներում առկա խնդիրները եւ մեր իրավասության շրջանակներում լուծում տալ դրանց: Այն տղաները, որոնց սխրանքների մասին այսօր այս դահլիճում խոսքեր հնչեցին, պատահական միջադեպերի զոհեր չեն: Նրանք գնացել են գիտակցված պայքարի եւ մահվան՝ հանուն հայրենիքի փրկության եւ ազատության։ Եվ այսօր մեր բոլորի պարտքն է՝ հիշել նրանց անուն առ անուն ու շարունակել նրանց կիսատ թողած գործը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հիշատակի եւ երախտագիտության խոսքեր հնչեցրին նաեւ պաշտոնական այլ անձինք, զոհված զինծառայողների հարազատները: