Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մարտի 16-ին Գետաշեն համայնքում ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված «Հավերժ փառք» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին, որին իրենց գեղարվեստական մասնակցությունն են ունեցել Գետաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները, Արմավիրի արվեստի պետական քոլեջի եւ Մեծամորի երաժշտական դպրոցի սաները:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետն իր վշտակցությունն է հայտնել քաջաբար ընկած գետաշենցիների ծնողներին, կանանց եւ հարազատներին՝ նշելով, որ հերոսներն անմահ են, իսկ նրանց սխրանքները՝ անգին, որ ցավի մեծ զգացում ու ափսոսանք է ապրում՝ խոնարհվելով նրանց հիշատակի առջեւ:
Մարզպետն իր խոսքում որդիական սիրով դիմել է հերոս տղաների ծնողներին՝ շնորհակալություն հայտնելով նման հայրենանվեր ու արիական դաստիարակության համար, որի կրողն ու շարունակողը, ըստ նրա, Գետաշենի ներկա ու գալիք սերունդներն են:
ԶՈւ Արմավիրի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ, փոխգնդապետ Ռուդիկ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նախագահների կողմից հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար կրտսեր սերժանտ Կարապետ Հարությունյանին եւ շարքային Թաթուլ Հովհաննիսյանին հետմահու հանձնել է «Մարտական ծառայություն» մեդալներ: Առաջիկայում հետմահու կպարգեւատրվեն նաեւ պատերազմում հերոսաբար ընկած գետաշենցի Գագիկ Դավթյանը, Շիրազ Սանասարյանը եւ Արմենակ Գասպարյանը:
Հիշատակի միջոցառումն ամփոփվել է Արմավիրի թեմի հոգեւորական տեր Ահարոն քահանա Գրիգորյանի ցավակցության եւ օրհնության խոսքով, որից հետո թեմի կողմից պատերազմում զոհված հայորդիների ծնողներին եւ կանանց Աստվածաշունչ է հանձնվել։