ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով եւ ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման շրջանակում դասագրքերի ձեռքբերման ցանկը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ըստ այդմ՝ հաստատվել են տարրական դասարանների 38 անուն դասագիրք, վարժությունների եւ աշխատանքային տետրեր: Նախարարի հրամանով հաստատվել է նաեւ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 10 անուն դասագիրք, մասնավորապես՝ «Եզդիերեն այբբենարան» «Քրդերեն այբբենարան», «Եզդի գրականություն», «Եզդիերեն» եւ «Քրդերեն»:
Ընդհանուր առմամբ ձեռք կբերվի 905 848 հատ դասագիրք, վարժությունների եւ աշխատանքային տետրեր, որոնց տարեկան գումարը կազմում է 919 170 109 ՀՀ դրամ:
Դասագրքերը տպագրելու են «Էդիթ Պրինտ», «ՄԱՆՄԱՐ», «Արեւիկ հրատարակչություն», «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Աստղիկ գրատուն», «ՍՊԻԿԱ» հրատարակչությունները եւ «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը: