Ստեփանավանը միշտ է գրավել հովեկներին հատկապես իր բնությամբ: Այցելուների մի մասն էլ այս գողտրիկ քաղաք է շտապում եղևնիների փոշոտման շրջանում: Թոքերի համար առողջարար հանգստի այս ձևը շատերին է բերում Ստեփանավան, սակայն քչերը գիտեն, որ այստեղ թաքնված իսկական գանձ կարող են գտնել նաև ակտիվ հանգստի և էքստրեմալ զբոսաշրջության սիրահարները: Ստեփանավանի հենց սրտում՝ Ալեա կոչվող տարածքում «Լոռէ» ակտիվ հանգստի կենտրոնն է:
«Լոռէ»-ի ղեկավարը՝ ճանաչված վաստակաշատ լեռնափրկարար Արմեն Առաքելյանը, ներկայացնում է իր ու մի խումբ նվիրյալների ձեռքերով ստեղծված ու անընդհատ կատարելագործվող կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները: Գաղափարը կյանքի կոչվեց 3 տարի առաջ: Իմացան ՄԱԿ-ի զարգացման ծրագրով անտառային տուրիզմի զարգացման համար տրամադրվող դրամաշնորհի մասին, դիմեցին, շահեցին և կառուցեցին: Այդ օրվանից ամեն ամռան տարածքը եռում է աշխույժ աղմուկով: Ասում է՝ նախապես բիզնես նպատակ չի եղել, սակայն գեղեցիկ նախասիրությունը վերածվել է նաև եկամտի աղբյուրի:
Կենտրոնը տրամադրում է ոչ միայն ակտիվ ժամանց, այլև հյուրանոցային հանգիստ՝ հարմարավետ կացարաններում, մատչելի գներով: Ծառայությունները բազմաթիվ են և հետաքրքիր. ներառում են ակտիվ տուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էկոտուրիզմ և արկածային տուրիզմ, ժայռամագլցում նաև արհեստական պատի վրա: Ուսումնասիրել են արտասահմանյան փորձը: Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ դեպի պատմական վայրեր, բնության և մշակութային կոթողներ, առկա են հարմարավետ պայմաններ ժամանցային միջոցառումներ, թեմատիկ երեկույթներ, կինոդիտումներ, քննարկումներ, գործարար հանդիպումներ կազմակերպելու համար: Անհրաժեշտության դեպքում տրամադրվում են ամենագնացներ, զբոսաշրջության համար անհրաժեշտ պարագաներ, գույք, սարքավորումներ:
Արհեստական ժայռամագլցման պատը Հայաստանում երկրորդն է իր բարձրությամբ: Ծառայությունների գները ևս բոլորի գրպաններին հասանելի են:
Գիշերակացով հյուրերի համար ակտիվ ժամանցի ծառայությունների գներում գործում են զեղչեր: Կենտրոնում սենյակների չբավարարելու դեպքում ևս խնդիր չկա. մոտակայքում հյուրանոցներ կան: Կենտրոնի մասին ոչ ոք գովազդ չի լսել, չի տեսել, այստեղ գալիս են պատահաբար կամ խորհրդով և սիրահարվում միանգամից: «Լոռէ»-ն հյուրեր ընդունել է նաև ձմռանը, առհասարակ՝ բոլոր ամիսներին այստեղ գեղեցիկ է և գրավող:
Տարբեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զբոսաշրջության ծեծված երթուղիները հոգնեցրել են թե արտասահմանցի, թե հայաստանցի հովեկներին, իսկ Ստեփանավանը և հատկապես այս տարածքը անկրկնելի են տարվա բոլոր եղանակներին: Ով է ուզում ադրենալին, «Լոռէ»-ն ձեզ խոստանում է ավելին:Մանրամասները՝ տեսանյութում