Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ 10-ամյա տղան փրկել է ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը. նրան շնորհվել է խիզախության...

10-ամյա տղան փրկել է ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը. նրան շնորհվել է խիզախության մեդալ եւ դիպլոմ

0

Լուսանկարում`  Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով եւ խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրսեւորած  վճռականության, անձնուրաց եւ անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգեւատրվել է պատվոգրով:

Նրան «Քաջ սիրտ»  համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաեւ խիզախության  մեդալ եւ դիպլոմ»:

Ըստ Արմավիրի մազպետարանի՝Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է Գյումրիում ռուսական տան տնօրեն Հարություն Համբարձումյանին` Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանին մարդկային կյանք փրկելու հարցում դրսեւորած խիզախության համար պարգեւատրելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` Համբարձում Մաթեւոսյանը շնորհակալություն է հայտնել Արմենին` մարդասիրական բացառիկ որակների եւ քաջության համար` նշելով, որ նրա սխրանքը մեծ պատիվ է բերել հայրենի մարզին, համայնքին եւ իր իսկ ընտանիքին: Արմենին համարելով փոքրիկ փրկարար` մարզպետը նշել է, որ փրկարարությունն առաջին հեթին մարդկային արժանապատիվ տեսակ է, որի կրողն է նաեւ Արմենը: Նա իր խոսքում ուրախությամբ փաստել է, որ Արմավիրի մարզում արիության դրսեւորումները բազմաթիվ են, եւ մարզպետարանի կողմից դրանք համապատասխան գնահատանքի են արժանանում:

Գյումրիում ռուսական տան տնօրեն Հարություն Համբարձումյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Արմենին դրսեւորած խիզախության համար, որը հիմք է հանդիսացել վերջինիս ներկայացնելու «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում նախատեսվող պարգեւատրամանը: Նա հույս է հայտնել, որ Արմենը կյանքում դեռ շատ խրախուսական մեդալների եւ արգեւների կարժանանա` բարձր պահելով իր երկրի անունը:

Հանդիպման ավարտին Արմեն Պետրոսյանը պարգեւատրվել է մարզպետի պատվոգրով` կյանքին սպառնացող վտանգի պայմաններում Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը փրկելու գործում դրսեւորած վճռականության եւ անձնուրաց սխրանքի համար :

Գյումրիում ռուսական տան տնօրեն Հարություն Համբարձումյանի կողմից էլ «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում Արմենին շնորհվել է խիզախության մեդալ եւ դիպլոմ` տուժողին փրկելու հարցում դրսեւորած ոչ անտարբեր վերաբերմունքի, արիության, կայունության եւ հերոսության համար:

Մեկնաբանել