Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Ատոմակայանը մայիսի 15-ից՝ 141 օր չի աշխատի

Ատոմակայանը մայիսի 15-ից՝ 141 օր չի աշխատի

0

Հայկական ատոմային էլեկտրակայանը, որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով, 141 օրով կկանգնի մայիսի 15-ից. 2021-ին վերանորոգման աշխատանքից հետո ՀԱԷԿ-ը պետք է նոր լիցենզիա ստանա կարգավորող մարմնից: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Երեւանում անցկացվող «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման շրջանակում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: Նա հիշեցրեց ռուսական վարկի շնորհիվ գործող բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մասին:

«Այդ պահին՝ 2015-2016թթ. 10 տարվա հեռանկարով է եղել դա, այսինքն՝ 2026-ին գործող բլոկն արդեն 40 տարի շահագործման մեջ կլինի: Եվ հաշվի առնելով մյուս երկրների նմանատիպ բլոկների փորձը, մենք պատրաստվում ենք եւս 10 տարով շարունակել շահագործման ժամկետի երկարացումը: Այսինքն՝ 2026-ից հետո, իհարկե համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում շարունակել կայանի շահագործումը»,-ասաց Վարդանյանը:

Նա 2021-ի նախազգուշական վերանորոգման ժամանակաշրջանը համարեց ամենաբարդերից մեկը՝ աշխատանքների կազմակերպման առումով:

«Պատրաստվում է բլոկի աշխատանքը մայիսի 15-ից 141 օրով դադարեցնել, որի ժամանակ կկատարենք անվտանգության բարձրացման միջոցառումներից մի քանի կարեւոր կետեր եւ իհարկե ռեակտորի իրանի թրծման աշխատանքներ»,-ասաց նա: Վարդանյանի վստահեցմամբ՝ այս պահին էլ իրանի թրծման աշխատանքների նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են, թրծումը կատարող ընկերության ղեկավարությունը Հայաստանում է, քննարկում են աշխատանքների կազմակերպման մասը:

«2021-ին վերանորոգման աշխատանքից հետո մենք պետք է նոր լիցենզիա ստանանք ՀՀ կարգավորող մարմնից, առայժմ ըստ օրենքի՝ 10 տարով, բայց իհարկե հիմնավորումն ապահովելու դեպքում մինչեւ 2026-ը»,-նշեց Վարդանյանը:

Մեկնաբանել