Գլխավոր ԵՐԵւԱՆ Կապի մեջ ենք կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների հետ. որեւէ արտառոց դեպք չենք...

Կապի մեջ ենք կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների հետ. որեւէ արտառոց դեպք չենք գրանցել․ նախարար

0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ կովիդով հիվանդներին սպասարկող 12 հաստատություն է գործում։

«Թվերի աճի հետ կապված ավելացնում ենք մահճակալային ֆոնդը»,- ասաց նա:

Նախարարը նաեւ նշեց, որ այս պահին կա կորոնավիրուսի մինչեւ 300 կրկնակի դրական թեստի արդյունք: «Բայց գնահատական տալ՝ արդյոք դա կրկնավարակ է, թե դեռ վարակը մարդու օրգանիզմից դուրս չի եկել, չենք կարող: Ներկայումս մենք ուսումնասիրություն ենք իրականացնում: Առաջիկայում, երբ լինեն ուսումնասիրության արդյունքները, մենք անպայման կհրապարակենք»:

Ավանեսյանը նաեւ նշեց, որ կապի մեջ են կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների հետ: «Որեւէ արտառոց դեպք, սուր կողմնակի երեւույթ չենք գրանցել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ երկրներ կասեցրել են «Astra Zeneca» ընկերության պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը՝ Ավանեսյանը նշեց. «Կասեցրել են, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք պատվաստումից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երեւույթները կապվա՞ծ են պատվաստանյութի հետ, թե՞ ոչ: Ես անցյալ օրն էլ կրկնեցի, որ մենք ուշադիր կերպով հետեւում ենք, կապի մեջ ենք, եւ երբ լինի գնահատականը, ապացուցվի պատճառահետեւանքային կապը, մենք էլ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մեր հետագա բանակցությունների ընթացքը տեսնելու համար:

Ավանեսյանը նաեւ ասաց, որ հնարավոր է՝ Հայաստանը պատվիրի «Astra Zeneca» ընկերության պատվաստանյութը, սակայն ընդգծեց, որ պատվաստանյութի հետ կապված խնդիրները ազդակ են՝ ավելի աչալուրջ լինելու համար: Նախարարն ասաց նաեւ, որ «Astra Zeneca» պատվաստանյութ Հայաստանն այս պահին չունի:

 

Մեկնաբանել