Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Վայքն առաջին քաղաքներից է, որտեղ մեկնարկում է « Դոմ Մոսկվիի» դասընթացների երկրորդ...

Վայքն առաջին քաղաքներից է, որտեղ մեկնարկում է « Դոմ Մոսկվիի» դասընթացների երկրորդ փուլը

0

Մարտի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային Ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ Վահրամ Կարապետյանին: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը եւ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց հյուրին եւ պատրաստակամություն հայտնեց համատեղ ջանքերն ուղղել բոլոր հնարավոր ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռի էլ ավելի ամրապնդել կողմերի միջեւ առկա համագործակցությունը:
«Մոսկվայի տան» գլխավոր տնօրենը շեշտեց, որ կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում ռուսական մշակույթի ներկայացմանը եւ ռուսաց լեզվի իմացության խորացմանը, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը, որոնց իրականացմանն էլ ուղղված են իրենց կողմից նախաձեռնած ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռուսաց լեզվով անվճար դասընթացների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաեւ դիտարկվեց ռուսաց լեզվի դասագրքերի փոխանցումը մարզային այն դպրոցներին, որտեղ ռուսաց լեզվով դասընթացներ են անցկացվում: Քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններ եւ նախագծեր:
Երեւանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը ներկայացրեց ՀՀ մարզերում եւ մայրաքաղաքում իրենց գործունեությունը, կարեւորեց եւ բարձր գնահատեց ՌԴ եւ ՀՀ մարզերի եւ քաղաքների միջեւ առկա համագործակցությունը եւ հույս հայտնեց,
որ կողմերի հետեւողական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել այդ հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը։
Հանդիպման ավարտին Վահրամ Կարապետյանի ներկայացրեց, որ իր եւ կենտրոնի ջանքերով շուտով լույս կտեսնեն երկու կարեւոր աշխատություններ: Առաջինը աշխատությունը ներկայացնելու է Հայաստանի բովանդակ պատմությունը՝ սկսած հայ ժողովրդի սկզբնավորման ակունքներից մինչ նոր ժամանակներ, իսկ երկրորդ գիտական աշխատանքը վերաբերվում է Արմավիրի մարզում գտնվող Շուշանավանքին (VII դ.), ինչը հնարավորություն կտա սերունդներին փոխանցել ժամանակի քառուղիներում վանքի մոռացության մատնված պատմությունը:
Հանդիպումից հետո այցելություն եղավ Վայքի հիմնական դպրոց, որտեղ Մոսկվայի տան աջակցությամբ ապրիլի 1-ից կմեկնարկի ռուսաց լեզվի դասավանդման երկամսյա երկրորդ դասընթացը: Հյուրերին դիմավորեցին ինչպես ծրագրի նոր մասնակիցները, այնպես էլ նախկին փուլի սաները, ովքեր իրենց պատրաստակամությունն էին հայտնել շարունակել դասընթացներին իրենց մասնակցությունը:
Ներկաներին ողջունեցին Վահրամ Կարապետյանը եւ «Մոսկվայի տան» ռուսաց լեզվի դասընթացների համակարգող Նելլի Գեղամյանը: Վահրամ Կարապետյանը նշեց, որ այս պահին Հայաստանի 9 քաղաքներում կենտրոնի կողմից իրականացվում է 15 դասընթաց, եւ Վայքը առաջին քաղաքներից է, որտեղ մեկնարկում է դասընթացների երկրորդ փուլը: Նա եւս մեկ անգամ հույս հայտնեց, որ շուտով հնարավոր կլինի կենտրոն բացել նաեւ Եղեգնաձոր քաղաքում:
Արարատ Գրիգորյանի խնդրանքով կազմակերպիչները հակիրճ ներկայացրին ծրագրի բովանդակությունը, որի գլխավոր առավելությունը կայանում է նրանում, որ այն շեշտադրում է նրանց միջեւ ռուսաց լեզվով շփումը, ինչը եւ հիմք է հանդիսանում նրանց լեզվական հմտությունների զարգացման համար:
Մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին՝ ընդգծեցելով համակարգող Նելլի Գեղամյանի անգնահատելի աշխատանքը, որի մշակած ծրագրով են դասավանդվում ՀՀ բոլոր մարզերում գործող դասընթացներում ընդգրկված աշակերտները: Ի պատասխան՝ Նելլի Գեղամյանը խոստացավ երեխաներին նրանց համար մշակել նոր ծրագիր, երը հնարավորություն կտա երեխաներին շարունակել կրթությունը:

Մեկնաբանել